ԱՄՆ պատժամիջոցների հակառակ արդյունքը.ամրապնդվում է ՌԴ տնտեսությունը.սենատոր


ԱՄՆ պատժամիջոցները Ռուսաստանի նկատմամբ իրականում հակառակ արդյունքն են տալիս և նպաստում են ռուսաստանյան տնտեսության ամրապնդմանը: Այսպիսի կարծիք է հայտնել ամերիկյան Սի-բի-էս հեռուստակայանի եթերում հանրապետական ազդեցիկ սենատորներից Լինդսի Գրեմը:
«Ապրիլի 28-ի պատժամիջոցներից հետո ռուբլին արժևորվել է, ֆոնդային բորսան ամրապնդվել: Այդ ամենը կարելի է անվանել ռուսաստանյան տնտեսության վերականգնման մասին օրենք»,- նշել է օրենսդիր մարմնի անդամը, որը հայտնի է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի վարչակազմի գործունեությանն ուղղված իր քննադատական գնահատականներով:
Նա ասել է, որ ամերիկյան կառավարության փոխարեն ինքը պատժամիջոցներ կկիրառեր Ռուսաստանի էներգետիկ և բանկային համակարգի դեմ: «Բացի այդ կօգնեի ուկրաինացիներին զինամթերքի հարցում, որպեսզի նրանք կարողանան պաշտպանվել», — հայտարարել է Գրեմը: Միաժամանակ Սենատորը ընդունել է, որ Ուկրաինան մասնատված է, բայց դրա պատասխանատվությունը դրել է Ռուսաստանի վրա: Նրա կարծիքով նման իրավիճակում մայիսի 25-ին չեն կարող ընտրություններ անցկացվել: Գրեմը նաև մտահոգություն է հայտնել, որ ներկա ճգնաժամը կարող է վերածել քաղաքացիական պատերազմի: