Հասարակություն

Ամենայն հայոց կաթողիկոսն ընդունեց ԱԺ նախագահին

Մայիսի 5-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում  Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ՀՀ Ազգային ժողովի նորընտիր նախագահ Գալուստ Սահակյանին: Շնորհավորելով Գալուստ Սահակյանին՝ ՀՀ Ազգային ժողովի նախագահ ընտրվելու առիթով` Նորին Սրբությունն արգասաբեր գործունեություն մաղթեց նրան:

Անդրադառնալով ժողովրդի առջև ծառացած բազմաբնույթ մարտահրավերներին` Վեհափառ Հայրապետը վստահություն հայտնեց, որ Ազգային ժողովի նախագահը և Աժ պատգամավորները, լինելով ժողովրդի ձգտումների ու սպասումների արտահայտողը, պետության և ժողովրդի շահի բարձր գիտակցությամբ, օրենսդրական կարգավորումներով բարի արդյունքներ պիտի ապահովեն երկրի առաջընթացի, ժողովրդի արժանապատիվ և բարօր կյանքի կերտման ճանապարհին:

Զրույցի ընթացքում մասնավոր անդրադարձ կատարվեց Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու և ՀՀ Ազգային ժողովի հարաբերություններին, ինչպես նաև Հայ Եկեղեցու` որպես ազգային բացառիկ կառույցի համախմբող դերակատարությանը: Այս առիթով Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր գոհունակությունը հայտնեց Հայ Եկեղեցու և ՀՀ Ազգային ժողովի միջև ձևավորված արդյունավետ համագործակցության համար։

ՀՀ ԱԺ նորընտիր նախագահը, իր հերթին բարձր գնահատելով Հայոց Եկեղեցու դերակատարությունն ազգային կյանքում, անհրաժեշտ նկատեց համատեղ ջանքերի ներդրումը` հայ ժողովրդի առջև ծառացած մարտահրավերների հաղթահարման համար: Ամենայն Հայոց Հայրապետն ու ԱԺ նախագահը կարևորեցին Մայր Աթոռի և ՀՀ Ազգային ժողովի հետագա համագործակցությունը:

Հանդիպման ավարտին Ամենայն Հայոց Հայրապետը վերստին Սուրբ Հոգու առաջնորդությունը մաղթեց ԱԺ նախագահին` պատասխանատու իր առաքելության մեջ:

Back to top button