Մշակույթ

Ֆիլմ, որ նկարահանվել է 25 տարի. «Անվերջ փախուստ, հավերժ վերադարձ»

Ալիսա Գեւորգյան
«Ռադիոլուր»

Հարություն Խաչատրյանի «Անվերժ փախուստ, հավերժ վերադարձ» ֆիլմը ևս   խոսեց միջազգային լեզվով: Ապրիլի 30-ին, ինչպես նաև մայիսի մեկին Շվեցարիայի Նիոն քաղաքում կայացած  վավերագրական կինոյի միջազգային կինոփառատոնում տեղի ունեցավ ֆիլմի համաշխարհային պրեմիերան: 

«Անվերջ փախուստ, հավերժ վերադարձ» Ֆիլմի հերոսը Հայկն է՝ բարդ ու հակասական մի կերպար, ով հեռացել է Հայաստանից ու հարատև դեգերումների մեջ է Ռուսաստանի հեռավոր անկյուննեում: Ապրում է մենակ, բայց իրեն միայնակ մարդ չի համարում: «Մենակ չեմ, պատմության, ժամանակի հետ եմ ապրում»,- ասում է Հայկը՝ յուրովի մեկնաբանելով իր անվերջ փախուստն ու հավերժ վերադարձը:

«Այս ֆիլմն ինձ համար  լուրջ էքսպերիմենտ էր, իր ծնունդով ու կառուցվածքով՝ բավականին տարօրինակ: Ֆիլմը սկսել եմ 1987 թվականին ու ավարտել  2013-ին : 25 տարի հետևել եմ ֆիլմի հերոսներին, 6-7 տարին մեկ գնացել, գտել եմ նրանց ու նկարել՝ փորձելով բացահայտել նրանց հոգին, միտքը, կենսակերպը, ցավերը: Ինչ որ առումով և՛ հոգեբան էի, և՛ ուսումնասիրող, և՛ գիտնական»,- պատմում է Հարություն Խաչատրյանը։

«Ասեմ, որ հերոսներս շատ տարօրինակ մարդիկ են, մի մասը՝ արվեստագետներ, մի մասը՝ պարզ զբաղմունքի տեր մարդիկ, որոնք ընկել են աշխարհի բերանը կամ ալրաղացի մեջ ու մաղվում են՝ փոխելով կամ չփոխելով իրենց մարդկային, ազգային տեսակը: Խոսեցիք ռիսկի մասին: Իհարկե՛, չափազանց մեծ էր այդ ռիսկը: Հերոսներս կարող էին փոխվել, ես ինքս փոխվեցի: Երբ ֆիլմը սկսեցի 32 տարեկան էի, ավարտեցի 58 տարեկանում։ Արդյո՞ք  ես նույն մարդն էի, իհարկե՝ ոչ:  Առաջին ֆիլմի հերոսը, ինչպես նշվեց, Հայկն էր: Տարիներ շարունակ ֆիլմը չէր նկարվում, որովհետև նա պարզապես չէր ցանկանում: Որոշ ժամանակահատված նա ընդհանապես կորած էր, ոչ մի տեղեկություն չունեինք նրա մասին: Ամեն անգամ կրկին հայտնաբերում էինք ու շարունակում նկարահանումները:

Մեկ սիրում էի Հայկին, մեկ՝ ատում, մեկ խղճում էի նրան, մեկ՝ հիասթափվում,  բարդ հարաբերություններ էին, ինքը բարդ, ես՝ բարդ: Մեր հարաբերությունները մի առանձին կինո էր: Ֆիլմն իր կառուցվածքով ևս բարդ է, որովհետև տարբեր ժամանակներ, տրամադրություններ է ընդգրկում: Կինոյում, արվեստում ընդհանրապես, ամենամնայուն արժեքը ժամանակի մթնոլորտը ճիշտ պատկերելն է»,- ասում է ռեժիսորը:

Սա Հարություն Խաչատրյանի առաջին շատախոս ֆիլն է։ Ռեժիսորը լուրջ մտահոգություններ ուներ ֆիլմը միջազգային ցուցադրության ներկայացնելուց առաջ: Կաննի փառատոնի ռեժիսորական ծրագրում ֆիլմը ներկայացնելու ընթացքում պարզվեց, որ մարդիկ չեն հասցնում կարդալ թարգմանված տեքստը և հերոսի ասելիքը պարզապես տեղ չի հասնում: Դրան հաջորդեց թարգմանությունների փուլը, անգամ հուսահատություն կար, որ լինելով հետաքրքիր, ֆիլմը, փաստորեն, միայն Հայաստանի համար է:

«Բայց վերջին թարգմանությունից հետո ֆիլմը ներկայացրեցի ինձ համար շատ կարևոր փառատոներից մեկին, որտեղ ստացել էի իմ առաջին միջազգային մրցանակը «Կոնդ» ֆիլմի համար: Խոսքը Նիոնի վավերագրական ֆիլմերի միջազգային փառատոնի մասին է: Ինձ համար մեծ ուրախություն էր, որ բոլոր ութ ընտրողները միաձայն հավանություն էին տվել «Անվերջ փախուստ, հավերժ վերադարձ»- ին»,- ասում է Հարություն Խաչատրյանը։

Back to top button