Հասարակություն

Մեկ տարվա ընթացքում մամուլի վիճակը չի փոխվել, ասում է Երեւանի մամուլի ակումբի նախագահը

Արտակ Բարսեղյան
«Ռադիոլուր»

 

Վերջին մեկ տարվա ընթացքում մամուլի վիճակը Հայաստանում  չի փոխվել: Արագ զարգանում են առցանց լրատվամիջոցները, տպագիր մամուլը հետընթաց է ապրում, իսկ հեռուստատեսությունը և ռադիոն պահպանում են իրենց լսարանը: Սա Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանի՝  մեր երկրի մամուլի ընդհանուր վիճակին տված գնահատականն է։ Ըստ նրա՝ մամուլի ազատության հետ կապված խնդիրների մեծ մասը կապված է երկրի սոցիալ-տնտեսական առկա խորը դժվարությունների հետ:

Լրատվամիջոցները ստիպված են լինում օգտվել ինչպես «սպիտակ», այնպես էլ «սև» դոտացիաներից, ինչը, իր հերթին կաշկանդում է այնտեղ աշխատող լրագրողների ազատությունը: Ինչպես նկատեց բանախոսը, միջազգային լրատվությունը հիմնականում ներկայացվում է դրսի աղբյուրներից ստացված լուրերով:

Անդրադառնալով օրերս Freedom House ամերիկյան ոչ կառավարական իրավապաշտպան կազմակերպության կողմից  հրապարակված Մամուլի ազատության տարեկան զեկույցին, Բորիս Նավասարդյանը նշեց, որ նախորդ տարվա հետ համեմատ մեր երկրի վարկանիշը նվազել է մեկ միավորով:

Բանախոսը չբացառեց, որ վարկանշի անկումը պայմանավորված լինի ինչպես ներքին, այնպես էլ արտաքին քաղաքական զարգացումներով, մասնավորապաես, Մաքսային միությանը միանալու մոտալուտ հեռանկարով: Ըստ զեկույցի՝ Հայաստանը 2002 թվականից դասվում է ոչ ազատ մամուլով երկրների շարքին: Թեպետ այս գնահատականը օբյեկտիվ է, այնուամենայնիվ խնդրահարույց է վարկանիշավորման մեթոդիկան, հայտարարեց Նավասարդյանը:

Բանախոսը իր մտահոգությունը հայտնեց վերջին օրերին Ադրբեջանում արձանագրված ազատության խիստ սահմանափակումների առնչությամբ, մասնավորապես՝ լրագրող Ռաուֆ Միրկադիրովի կալանավորման և հասարակական գործիչներ Յունուս ամուսինների նկատմամբ սահմանափակումների առումով: Ադրբեջանական իշխանությունների կողմից կիրառվող այս ճնշումները շատ լուրջ մարտահրավեր են այդ երկրի ամբողջ հասարակության համար, նկատեց  Երևանի մամուլի ակումբի նախագահը:

6

Back to top button