Հասարակություն

Հայաստանում սիրիահայերի կրթական խնդիրները լուծված են, հավաստիացնոմ են ոլորտի պատասխանատուները

Աիդա Ավետիսյան
«Ռադիոլուր»

Հայաստան ժամանած սիրիահայերի համար խնդիրները բազմազան են ու տարաբնույթ` բնակարանից մինչև կրթություն: Եթե կացարանների ձեռքբերման և աշխատանքի խնդիրների լուծման հարցում մեր հայրենակիցները դեռևս հանդիպում են խոչընդոտների, ապա  պատկերն այլ է կրթական ոլորտում: Նրանց մեծաթիվ հոսքից արդեն կարելի էր ենթադրել, որ կլինեն լեզվի իմացության հետ կապված խնդիրներ, «Ռադիոլուրի» հետ զրույցում նշեց քաղաքապետարանի կրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը  և ավելացրեց, իրենց ու Սփյուռքի նախարարության  համատեղ ուժերով խնդիրը կարելի է լուծված համարել։

Շահումյանի անվան դպրոցում կազմակերպվում են արևելահայերենի և ռուսերենի անվճար դասընթացներ: Այս դասընթացներն անցկացվում են նաև  արաբախոս երեխաների համար, որոնք իրենց առջև ծառացած խնդիրները հաղթահարել են սիրիահայ ուսուցիչների շնորհիվ:

Սիրիահայերի համար կրթական խնդիրները լուծված են թե մանկապարտեզներում, թե հանրակրթական ու բարձրագույն կրթօջախներում: Այսօր Երևանում ուսանում է շուրջ 500 արաբախոս երեխա, իսկ մանկապարտեզ հաճախում է 115-ը: Բուհեր մեր հայրենակիցներն  ընդունվում են արտոնություններով, վստահեցնում է  Սփյուռքի նախարարության համահայկական և միջազգային կազմակերպությունների հետ կապերի բաժնի պետ Լուսինե Ստեփանյանը:

Հաշվի առնելով վերջին շրջանում Քեսաբում տեղի ունեցող իրադարձությունները և հնարավոր համարելով նրանց հոսքը հայրենիք` կրթական ծրագիրը կշարունակվի նաև քեսաբահայության համար, վստահեցնում են կազմակերպիչները: Վերջին տվյալներով` Քեսաբից Հայաստան է ժամանել երկու հայ ընտանիք:

Back to top button