ԿարևորՔաղաքական

Հայաստանյան մամուլն այսօր չի ձեւավորում հասարակական կարծիք

Լենա Բադեյան
«Ռադիոլուր»

Եթե տարիներ առաջ Հայաստանում մամուլը կարծիք, ինչու չէ՝ նաեւ օրակարգ էր ձեւավորում, ապա այսօր այն դարձել է անդեմ: Մամուլի աշխատողների համար այս ցավալի եզրակացությունն այսօր անում են շատերը, ինչպես օրինակ` արցախյան ազատամարտի ժամանակ լրագրությամբ զբաղվող, հրապարակախոս Բակուր Կարապետյանը: Ըստ նրա` 4-րդ իշխանությունը այսօր պարզապես վերածվել է մամուլի։ «Խորհրդային տարիներին, իհարկե, մամուլը վերահսկվում էր, բայց մամուլի խոսքը կարեւոր էր: Մի 3-4 նախարարի իմ հաղորդումներից հետո պարզապես հանել են: Պարզ ասեմ՝ հիմա մեր նախարարները ինչ որակի են: Սա շատ լուրջ է։ Եթե պետությունը, իշխանությունը լուրջ տեղ հատկացնի մամուլի խոսքին, անպայման լրիվ ուրիշ իրավիճակ կստեղծվի»,- ասում է։

Արդարացի լինելու համար նշենք, որ խնդիրներ կան նաեւ լրատվական դաշտում: Դեպքեր կան, երբ խառնվում են ազատությունն ու ամենաթողությունը: Ինչպես անել, որ այդ սահմանագիծը լրագրողը չհատի։ Օրինակ` ի՞նչ անի ազնիվ շահեր հետապնդող լրագրողը, եթե, ասենք, մի պաշտոնյայի մականունը ավելի ծանոթ է հանրությանը, քան՝ իսկական անուն ազգանունը: Հրապարակե՞լ, թե՞ չհրապարակել եւ որպես ի՞նչ կդիտվի դա: Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանի ներկայացմամբ` որեւէ վատ բան չկա, եթե պաշտոնյային նշում են մականունով, այլ հարց է, թե ինչպես է դա արվում։ «Կարելի է ասել հիմար, կարելի է ասել, որ նրա IQ-ն 80 նիշից ցածր է: Առաջինը վիրավորանք է, երկրորդը` գնահատական: Սա ձեր կուլտուրայից է գալիս: Օրինակ՝ Արեւմուտքում քաղաքական դաշտում մականուն ունենալը դրական գործոն է համարվում, որ նա պարզապես Ջոն Սմիթ չէ, այլ` Ջոն Սմիթ «նայֆ», որովհետեւ իր կյանքում մի սուր գործ էր արել, անունը դրել են «դանակ»։ Մեզ մոտ մի շարք խնդիրների պատճառով մականունները դառնում են պիտակ»։

Չնակյած հենց այս դեպքում ինքը` Ահարոն Ադիբեկյանը, ընդունում է, որ մեր իրականության մեջ ամեն դեպքում կան մականուններ, որոնք բրենդ դառնալու հավակնություն չունեն եւ այդպես էլ կմնան պիտակ: Հենց այսպիսի պաշտոնյաների պատճառով է նաեւ, որ «Ֆրիդըմ Հաուսզ»- ի հրապարակած տվյալներից սոցիոլոգը չի ոգեւորվում: Զբաղեցրած վարկանիշային տեղը մի բան է, ազդեցությունը` մեկ այլ:

Հայաստանյան մամուլը այսօր չի ձեւավորում հասարակական կարծիք եւ սոցիալական ու քաղաքական որեւէ գործընթացի վրա ազդեցություն չունի: Ահարոն Ադիբեկյանի հետ այս դեպքում համամիտ է գրաքննադատ Արքմենիկ Նիկողոսյանը:   «Հայաստանում, ըստ էության, չկան ազատ լրատվամիջոցներ, ընդհանրապես ազատ մամուլ, որովհետեւ նույնիսկ ընդդիմադիր դաշտի մամուլը, բոլորս էլ գիտենք, որ նրանց զգալի մասը իշխանությունների հենց վերեւում կանգնած մարդկանց ձեւավորած, այսպես կոչված, լրատվամիջոցներն են: Այսինքն` նույնիսկ այն թվացյալ ազատ մամուլը, որը այսօր իբր թե ունենք Հայաստանում, պատվիրված ազատության է: Այս պարագոյում խոսել ազատության մասին, ինչ է, թե մի երկու քֆուր-քյաֆար են անում սրա-նրա հասցեին, դա իմ կարծիքով չափանիշ չէ»։

Մամուլի ազատության օրը Ահարոն Ադիբեկյանը ուշադրություն է հրավիրում նաեւ մի փաստի վրա, որը նաեւ օրենքի խախտում է: «Աշխարհում չկա ընդդիմադիր հեռուստաընկերություն: Հայաստանում կա: Մենք գիտենք, որ սա Ծառուկյանի հետուստաընկերությունն է, սա Դաշնակցությունն է, սա Արթուր Բաղդասարյանինն է, սա հանրապետականներն են վերահսկում եւ այլն: Եթե աշխարհում չկա այդպիսի բան, իսկ մեզ մոտ կա, ուրեմն մենք այդ ազատության չափանիշը լրիվ անցել ենք, մտել ենք ուրիշ ոլորտ` գերազատության: Տպագիր մամուլը օրենքով կարող է լինել կուսակցական, նույնը՝ ինտերնետի բոլոր տեղեկատվական կայքերը, բայց ինչ վերաբերում է հեռուստաընկերությանը` օրենքն արգելում է: Դրանք պետք է հետամուտ լինել, եթե չենք անում, ուրեմն ընդհանրապես չենք հարգում եւ չենք կատարում օրերքնի դրույթները»,- ասում է նա։

 

Back to top button