Ուկրաինական զորքերը հարձակվել են Սլավյանսկի վրա


Ուկրաինայի Դոնեցկի շրջանի ուկրաինական բանակի հատուկ ստորաբաժանումները վաղ առավոտյան հարձակվել են Սլավյանսկի վրա: Վաղ առավոտից ռուսական լրատվամիջոցները հաղորդում են վիրավորների ու պատանդների մասին: Քաղաքի ծայրամասերում մարտեր են տեղի ունենում, հաղորդում է lenta.ru-ն՝ վկայակոչելով «Комсомольской правды»-ի լրագրողներին: Ժամը մոտ 4:40-ին լրագրողները լսել են Սլավյանսկի վրայով թռչող ռազմական ինքնաթիռների ձայնը, այնուհետև լսել են ազդանշան, որից հետո Իզյումի կողմից շարժվել է հետևակի զրահապատ մեքենան և քաղաքում կրակոցներ են սկսվել: Իսկ դրսում ուղղաթիռներ են պտտվել:
Ռուսական լրատվամիջոցներում հաղորդվում է նաև վիրավորների մասին, բայց առայժմ չկան ստույգ տվյալներ նրանց անձերի ու թվի մասին: Ըստ նախնական տվյալների՝ կա 1 վիրավոր և մեկ զոհ: Սլավյանսկի ինքնապաշտպանության ուժերը ուկրաինական երեք ինքնաթիռ են խփել, որոնք հարկադիր վայրէջք են կատարել: Interfax.ru-ի փոխանցմամբ՝ Սլավյանսկի «ժողովրդական քաղաքապետ» Վյաչեսլավ Պոնոմարյովը հայտարարել է, որ ինքնապաշտպանության ներկայացուցիչները գերի են վերցրել ինքնաթիռներից մեկի օդաչուին: Սլավյանսկի անջատողականների առաջնորդներից մեկի խոսքով՝ քաղաքն ամբողջությամբ արգելափակված է, իսկ երկնքում 20 ինքնաթիռ է պտտվում:
Կիևի իշխանությունները Ուկրաինայի անվտանգության ծառայության առաջ խնդիր են դրել արևելյան շրջաններում վերահսկողությունը վերականգնելու հարցը լուծել մինչև մայիսի 3-ը: Հատուկ գործողությունը գլխավորում է Ուկրաինայի անվտանգության ծառայության ղեկավար Վալենտին Նալիվայչենկոն, ում փոխանցվել են ներքին գործերի նախարար Արսեն Ավակովի պարտականությունները: