Հասարակություն

Մամուլի ազատությունն ամբողջ աշխարհում է նվազել

Արտակ Բարսեղյան
«Ռադիոլուր»

Հայկական մամուլի ազատության շուրջ կան տարբեր մոտեցումներ և գնահատականներ, ինչպես օբյեկտիվ, այնպես էլ սուբյեկտիվ: Հարցի շուրջ իրենց դիտարկումներն են այսօր ներկայացրել իրանահայ լրագրող Ռուբիկ Մինասյանը և իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանը, որոնք բավականին ցածր են գնահատել մամուլի ազատության մակարդակը մեր երկրում։

Հայաստանում մամուլի ազատությունը  հինգ բալանոց սանդղակով ունի 2 թվանաշնը: Սա իրանահայ լրագրող Ռուբիկ Մինասյանի տված գնահատականն է: Այս հարցում նա համամիտ է նախօրեին Freedom House ամերիկյան ոչ կառավարական իրավապաշտպան կազմակերպության հրապարակած Մամուլի ազատության տարեկան զեկույցի հետ: Ըստ այդ փաստաթղթի՝ Հայաստանը 66 երկրների շարքում է, որտեղ մամուլը ազատ չէ։

«Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանը կարծում է, որ հայաստանյան մամուլը իր ազատությամբ միջինից մի փոքր նվազ վիճակում է: Ընդհանուր առմամբ՝ մամուլի ազատությունն ամբողջ աշխարհում է նվազել: Թե Հայաստանում, թե արտերկրում լրատվամիջոցի ազատությունը սահմանափակված է ֆինանսավորողի կամ սեփականատիրոջ շահերով: Այս առումով սփյուռքահայ մամուլը ևս կրում է նույն դժվարությունները, փասատում է իրանահայ մեր գործընկերը։

Առաջին օմբուդսմենն իր հերթին նկատեց, որ մամուլի ազատության աստիճանը կախված է ոչ միայն պետությունից, այլ նաև լրատվական դաշտից: Լարիսա Ալավերդյանը նկատեց, որ վերջին տարիներին երկրի լրատվական դաշտում արձանագրվել է մի առաջընթաց, որի շնորհիվ հնարավոր է ստանալ տեղեկատվություն տարբեր դիտանկյուններից: Պարզապես դրա համար անհրաժեշտ է ծանոթանալ տարբեր լրատվամիջոցների հրապարակումների հետ: Կարելի է համաձայնվել, կամ մերժել այս կամ այն կարծիքը, բայց դրանք ներկայացվում են հասարակությանը՝ անբեկանելի փաստ է: Իսկ ինչքանով է որակյալ հայ մամուլը, դա առանձին թեմա է։

Back to top button