ԿարևորՎերլուծական

Հնարավո՞ր է հետաձգվի Եվրասիական տնտեսական միության վերջնական ձեւավորումը

Աննա Նազարյան
«Ռադիոլուր»

Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը բազմաթիվ հարցադրումներ է առաջացրել: Մինսկից հնչած հայտարարություններն ու ռուսական լրատվամիջոցների տեղեկությունները մտորելու տեղիք են տալիս՝ արդյո՞ք, ինչպես վստահեցրել էր Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Վիկլտոր Խրիստիենկոն, մայիսի 29-ին Աստանայում կստորագրվի Եվրասիական տնտեսական միության ստեղծման պայմանագիրը։

Մի կողմից ժամկետ է նշվում, մյուս կողմից, սակայն, Բելառուսի ու Ղազախստանի նախագահներն ընդգծում են այն նրբերանգները, որոնք հնարավորություն չեն տալիս փաստաթուղթ ստորագրել: «Գազետա.ռու»- ն գրում է, որ նիստն ավարտվել է անարդյունք: Լուկաշենկոն ու Նազարբաևը դեմ են արտահայտվել միասնական պայմանագրի նախագծին՝առևտրի միասնական կանոնների բազմաթիվ խոչընդոտող նրբությունների պատճառով։

Սակայն միությունը ամեն դեպքում կստեղծվի: Բոլոր տարաձայնությունները որոշվել է տեղեփոխել երկկողմ բանակցային ձևաչափ, գրում են ռուսական լրատվամիջոցները: «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի նախագահ Գագիկ Հարությունյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում նշեց, որ ՄՄ ստեղծումը գործընթաց է այնպես, ինչպես ԵՄ Արևելյան գործընկերության ծրագիրն էր, որի հիմնադրումից 5 տարի անց անգան վերջը չի երևում և ամեն ինչ անորոշ է: Եվրասիական միասնական տնտեսական տարածք ստեղծելու հարցում նույնպես բարդություններ կան, հատկապես տնտեսական մոդելների տարբերության պատճառով, ասաց զրուցակիցս։

«Տարբեր տնտեսական մոդելներ են: Հատկապես զգայուն է Հայաստանի տնտեսությունը՝ մյուս երկրների համեմատ, քանի որ փոքր է, փոքր ՀՆԱ ունի: Բացի դա՝ մասնակի շրջափակման մեջ է: Եվ երրորդ՝ դե ֆակտո հակամատության մեջ է գտնվում: Ամեն դեպքում՝ ժամկետը կասկածի ենթակա չէ»,- ասում է փորձագետը։

Անկախ մատնանշվող տնտեսական մոդելների տարբերությոսւնից՝ Հայաստանն ակտիվորեն համաձայնեցնում է ճնապարհային քարտեզով նախատեսված դրույթները: 126 կետերից 111-ն արդեն պատրաստ է, հայտարարվեց Մինսկում կայացած գագաթնաժողովից հետո: Ստացվում է՝ մինչը հունիսի 1-ը Եվրասիական տնտեսական տարածքին Հայաստանի միանալու նախագիծը պատրաստ կլինի: Այստեղ թերևս հարկ է հիշեցնել, որ նույն արագ տեմպերով էլ Հայաստանն իրագործում էր ԵՄ Արևելյան գործընկերության ծրագրով նախատեսված դրույթներն ու արդեն, երբ մոտեցանք ասոցացման համաձայնագրի նախաստորագրմանը, պաշտոնական Երևանը փոխեց ուղղությունը` 180 աստիճան շրջվելով դեպի ՄՄ-։

Հաշվի առնելով ուղեգծի այս կտրուկ փոփոխությունը՝ որքանո՞վ է հավանական փաստաթղթի ստորագրումը մեկ ամիս հետո, հարցրեցի Գագիկ Հարությունյանին: «Մինչև փաստաթղթի ստորագրումը մնացել է շատ քիչ ժամանակ, մոտավորապես՝ մեկ ամսից էլ մի քանի օր քիչ, սակայն անկախ փաստաթղթի ստորագրումից՝ ռուսական փորձագիտական շրջանակները վերլուծությունններ են անում, որ Եվրասիական տնտեսական միության լիարժեք ձևավորումը հնարավոր է 10 տարով հետաձգվի»։

 

Back to top button