Հասարակություն

Հայաստանը «անազատ» ԶԼՄ- ների երկիր. փորձագետների գնահատականները չեն համընկնում

Լուսինե Վասիլյան
«Ռադիոլուր»

 

Freedom House ամերիկյան ոչ կառավարական իրավապշտպան կազմակերպությունը երեկ հրապարակել է մամուլի ազատության վերաբերյալ 2013թ. զեկույցը, որում ընդգրկված 197 երկրից 63-ը գնահատվել է «ազատ», 68-ը՝ «մասամբ ազատ», 66-ն էլ «անազատ»։ Հայաստանի ցուցանիշն անկում է արձանագրել 1 կետով. 62 միավորով մեր երկիրը շարունակում է տեղ զբաղեցնել «անազատ» մամուլ ունեցող երկրների շարքում։ «Մեդիա» կենտրոնում մամուլի ազատության օրվան ընդառաջ քննարկել են Freedom House-ի՝ երեկ հրապարակած զեկույցն ու Հայաստանի տրված գնահատականները, նաև ոլորտի վիճակն ու խնդիրները:

Իրավաբան, «Իրավունքի գերակայություն» կազմակերպության համահիմնադիր Արա Ղազարյանի համար Freedom House-ի զեկույցում մեր երկրին տրված գնահատականն անսպասելի էր: Հայաստանն «անազատ» լրատվամիջոցներ ունեցող երկրների շարքում դասելը նա չափազանցված գնահատական է համարում։ «Կարծում եմ՝գնահատականը, թե Հայաստանում լրատվամիջոցներըն ազատ չեն, չափազանցված է»։

Արա Ղազարյանի հետ համաձայն չէ ու Freedom House-ի փորձագետների հետ համաձայն է Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը: Տեղական կազմակերպությունը նույնպես 2013-ին իրավիճակի վատթարացում է արձանագրել: «2013-ին աճել է լրագրողների նկատմամբ ֆիզիկական բռնությունների քանակը, ճնշումները թիվը և զրպարտության ու վիրավորանքի հիմքով լրատվամիջոցների դեմ ներկայացված հայցերի վիճակագրությունը: Այդ տվյալները մեր զեկույցներում ներկայացված են: 2012-ին, օրինակ, ԶԼՄ-ների դեմ 18 հայց է ներկայացվել, 2013-ին ՝ 26»։

Աշոտ Մելիքյանը, սակայն, Արա Ղազարյանի հետ համաձայն է այն հարցում, որ դատարանները սկսել են ավելի հավասարակշռված քննել լրատվամիջոցներին վերաբերող գործերը և կարծես հրաժարվել մեծ տուգանքներ սահմանելու պրակտիկայից։

Առաջընթա՞ց, թե՞ հետընթաց բանավեճին իր դիտարկումն է ավելացնում Ինֆորմացիայի ազատության կենտրոնի նախագահը: Շուշան Դոյդոյանը նկատում է, որ Freedom House-ը 2013-ին ոչ թե հետընթաց է գրանցել, այլ՝ առաջընթաց չի արձանագրել նախորդ տարիների համեմատ։ Առաջընթացի բացակայությունը սպասելի էր մեդիա փորձագետի համար:

2013-ը ընտրությունների տարի էր և կանխատեսելի էր, որ այն բարելավման տարի չի լինելու՝ այսօրվա քննարմանն ասաց ոլորտի փորձագետ Սամվել Մարտիրոսյանը, ում կարծիքով հայաստանյան մեդիա դաշտի համար շատ ավելի կարևոր է ներքին գնահատականը, քան այն, ինչ կասեն միջազգային փորձագետները։

Եվ մի այլ դիտարկում էլ . Freedom house-ի փորձագետներն այս տարին ընդհանուր առմամբ են հետընթաց արձանագրել՝ նշելով, որ աշխարհում մամուլի ազատության ընդհանուր ցուցանիշը այս տասնամյակի ընթացքում հասել է ամենացածր կետին, ինչը նրանք մեդիաոլորտը վերահսկելուն ուղղված գործողությունների հետևանք են համարում։

«Մենք պարզել ենք, որ անցած տարի աշխարհի բոլոր տարածաշրջաններում և՛ իշխանությունները, և՛ մասնավոր հատվածի ներկայացուցիչները հարձակումներ են գործել լրագրողների նկատմամբ, բովանդակության գրաքննություն են իրականացրել, ինչպես նաև քաղաքական դրդապատճառներով հրահանգել են լրագրողներին աշխատանքից հեռացնել»,-նշել է զեկույցի տնօրենը։

Ընդհանուր առմամբ՝ այս տարվա զեկույցում ներառված է 197 երկիր։ Ազատ մեդիա ունեցող երկրների լավագույն 5-յակում ներառվել են Նիդեռլանդները, Նորվեգիան, Շվեդիան, Բելգիան , Ֆինլանդիան։ Մինչդեռ վատագույնների 5-յակում են ՝Բելառուսը, Էրիտրեան, Թուրքմենստանը, Ուզբեկստանն ու Հյուսիսային Կորեան։

Back to top button