Քաղաքական

Ըստ Հայրիկյանի՝ որ դեպքում են արդարացված սահմանադրական փոփոխությունները

Կարեն Ղազարյան
«Ռադիոլուր»

Սահմանադրական բարեփոխումներն արդարացված են, երբ ավելացնում է քաղաքացիների դերակատարությունը երկրի կառավարման հարցում, արժե՞ կատարել այնպիսի փոփոխություն, որի դեպքում ժողովրդավարության տոկոսը կրճատվում է, ՍԴ բարեփոխումների առնչությամբ եզրահանգումը ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը թողնում է ունկնդիրներին։ «Այն, ինչ այսօր իշխանություններն առաջարկել են, հետընթաց է»: Հայրիկյանի բանաձեւով՝ հաշվարկելով այսօր ժողովրդավարությունը ստանում ենք 18 տոկոս, այդ փոփոխություններից հետո Հայաստանում ժողովրդավարությունը կդառնա 9 տոկոս։

Սահմանադրական բարեփոխումների հարցում միասնական մոտեցում չկա խորհրդարանական ոչ իշխանական քառյակի մոտ: Անդրադառնալով խնդրին` «Ժառանգություն» կուսակցության քարտուղար Ստեփան Սաֆարյանը նկատեց, որ ԲՀԿ-ն փոփոխություններին դեմ է, ՀԱԿ-ը դեմ է ընդհանրապես խորհրդարանական կառավարման համակարգին անցնելուն, Դաշնակցությունը` կողմ է, իսկ «Ժառանգությունը» հայտարարելով, որ լինելով կողմ խորհրդարանական կառավարման համակարգին, այդուհանդերձ, դեմ է, որ սահմանադրական նման փոփոխություններ իրականացվեն գործող իշխանությունների կողմից: Ստացվում է, որ այս հարցն էլ չի կարող դառնալ քառյակին միավորող օրակարգ:

Ստեփան Սաֆարյանը նաեւ կարծիք հայտնեց, թե չի կարող մի բան անվերջ շարունակվել, երբ չկա միասնական համատեղ օրակարգ ու ընդհանուր խնդիր: Խոսքը 4 ուժերի հետագա համագործակցության մասին է, որի եզրագիծը կդառնա առաջիկայում կառավարության ծրագրի քննարկումը։

Ներքաղաքական զարգացումների մասին խոսելով` Ստեփան Սաֆարյանը նաեւ կարծիք հայտնեց, որ «թայմ աուտ»-ի շրջան է: Ըստ նրա` դադարի շրջան է թե արտաքին, թե ներքին քաղաքական խնդիրների շտկման առումով: «Ըստ էության՝ Հայաստանն արտաքին դաշտում անցնում է ավելի շատ «ոչ-ոչ»- ի քաղաքականության` ոչ Եվրոպա, ոչ Մաքսային միություն: Ներքին առումով էլ, ինչպես տեսնում ենք, լուրջ տեղափոխություններ են գնում»:

ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանի համար նոր կառավարության կադրային հարցերը մանրուքներ են եւ անհրաժեշտ չհամարեց դրանց մասին խոսելը: Ինչ վերաբերում է արտաքին քաղաքականությանը, մասնավորապես` Մաքսային միության հարցին, Հայրիկյանի համոզմամբ, այն չի կարող կայուն դաշինք դառնալ: ԱԻՄ-ը ընդդեմ Մաքսային միությանը մայիսի 18-ին կազմակերպվող ցույցին եւ երթին մասնակցելու է մեկ համոզմամբ` «Դիկտատորների կայուն դաշինք չի կարող ձեւավորվել: Դիկտատորները ժամանակավոր համաձայնություն կարող են ունենալ: Եվրոպական միությունը, ի տարբերություն դրա, մի այլ ելակետ է ընդունել` իրենցից դուրս` քաղաքացու իրավունքներ: Ընդհանուր առմամբ` այլընտրանք չկա քաղաքակրթության համար»։

Ապագա ունենալու համար պետք է կայուն արժեքների վրա հենվել` հորդորեց ԱԻՄ առաջնորդը` բխեցնելով, թե ռուսական իմպերիալիզմը ռուս ժողովրդի բարեկամը չէ, ուստի ինչպես կարող է հայ ժողովրդի բարեկամը լինել:

Թե Ստեփան Սաֆարյանը, թե Պարույր Հայրիկյանն արձագանքեցին ՀՀԿ խոսնակ Էդուրդ Շարմազանովի` օրերս կատարած հայտարարությանը, թե` իշխանություն տանող ճանապարհն անցնում է ՀՀԿ-ով: Ստեփան Սաֆարյանը հայտարարությունը պայմանավորեց ներքին մրցակիցների հետ կապված հարաբերություններով: Նրա խոսքով` հայտարարությունն ամենեւին էլ անակնկալ չէր: Պարույր Հայրիկյանի ձեւակերպմամբ` ՀՀԿ-ի ամրության մասին Շարմազանովի վկայությունը հիմք չունի:

Back to top button