Հասարակություն

Ալվարի գյուղապետը վթարի է ենթարկվել, մինչ այդ՝ վնասելով կնոջն ու հարսին

Մայիսի 2-ին, ժամը 10.33-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Ալվար գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկը։ Պարզվել է, որ «Ինֆինիտի» մակնիշի 170 ԼՏ 47 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 200 մ ընկել ձորը, ինչից տեղի է ունեցել հրդեհի բռնկում։

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը` վարորդ` 1961 թ. ծնված Ա. Մ.-ն, ստանալով տարբեր աստիճանի այրվածքներ, տեղափոխվել է Գյումրու ԲԿ։ Ըստ բժիշկների` տուժածի առողջական վիճակը ծանր է։

shamshyan.com- ի տեղեկություններով վթարի ենթարկվածը Ալվարի գյուղապետ Արտավազդ Մկրտչյանն է։ Մինչեւ վթարը նրա  61-ամյա կինը՝ Լուիզա Գաբրիելյանը, և հարսը՝ Գայանե Գոմցյանը, սուր կտրող ծակող գործիքից ստացած մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին Գյումրիի բժշկական կենտրոն: Գյուղացիները հայտնել են, որ Ա. Մկրտչյանը կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ դանակահարել է նրանց, որից հետո դուրս է եկել տնից ու վթարի ենթարկվել:

Փաստի առթիվ ոստիկանության Շիրակի մարզի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում։

Back to top button