Հասարակություն

«Շքեղության հարկը» խորհրդարանը պատրաստվում է չեղյալ համարել

Լենա Բադեյան
«Ռադիոլուր»

Խորհրդարանում գրեթե ցանկացած հարցով քննարկումների ժամանակ չեն շրջանցվում աշխատողների իրավունքին եւ դրանց ոտնահարմանը վերաբերող խնդիրները: Որպես կանոն խնդրին ուշադրություն են հրավիրում ընդդիմադիր պատգամավորները: Այդպես եղավ նաեւ մի քանի օր առաջ. Արամ Մանուկյանը հիշեցրեց պաշտոնական թվերը:

«ՀՀ բնակչության աշխատող հատվածի 2 տոկոսն է 200 հազար դրամից ավելի աշխատավարձ ստանում, 4 տոկոսն է ստանում մինչեւ 200 հազար դրամ աշխատավարձ, 10 տոկոսը ստանում է 100-150 հազար դրամ աշխատավարձ եւ մինչեւ 100 հազար դրամ աշխատավարձ ՀՀ-ում ստանում է 85 տոկոսը: Եվ ձեզ ներկայացնում եմ ՀՀ արտագաղթի վերջին 3-4 ամիսների ուսումնասիրությունների արդյունքում առաջին տեղում, բնականաբար, աշխատանք չունենալն է, երկրորդ տեղում` քիչ աշխատավարձը, որ չի բավարարում, երրորդ տեղում այն իրավիճակն է, որ ինքը հույս չունի այս երկրում ապրելու, ապահովված չէ, վիճակը լավ չէ ընդհանուր քաղաքական, հոգեբանական առումով գնում է»:

Ի դեպ` խորհրդարանում այս շաբաթ ուշադրության կենտրոնում էր պայմանականորեն ասած` «Շքեղության հարկը»: 2011 թվականից գործող այն հարկատեսակը, համաձայն որի թանկարժեք` 25 մլն դրամից կամ 61 հազար դոլար և ավելի արժողությամբ մեքենաների ներկրման ժամանակ ավելանում էր 20 տոկոսի լրացուցիչ հարկ` Կառավարությունն առաջարկում է, իսկ խորհրդարանը պատրաստվում է չեղյալ համարել: 2011 թվականին, երբ «Ակցիզային հարկի մասին» օրենքով մտցվում էր «շքեղության հարկ» հասկացությունը, կառավարությունը հիմնավորում էր այդ քայլը «բյուջե լրացուցիչ մուտքերի հավաքագրմամբ»: Ակնկալում էին տարեկան 1 միլիարդ դրամի գումար: Այսօր 20 տոկոսը հանելու որոշումը Կառավարությունը կրկին հիմնավորում է «բյուջեի հավաքագրմամբ»: Ավելի ճիշտ, նշում են, որ «շքեղության հարկից» հետո բյուջեն ունեցել է 3 միլիարդ դրամի կորուստ, քանի որ զգալիորեն նվազել են «շքեղության հարկով» հարկվող ավտոմեքենաների ներկրման ծավալները: Ընդդիմադիրները կողմ են, որ «շքեղության հարկի» կիրառման ոլորտներն ավելի լայն լինեն: Օրինակները բերում են Հովհաննես Մարգարյանն ու Միքայել Մելքումյանը:

«Իմ պատկերացումներով` ըստ քո սոցիալական վիճակի դու համապատասխան հարկ պետք է վճարես: Ժողովրդական լեզվով ասած` ավետաղաները, ովքեր մատների վրա կարելի հաշվել մի ձեւի պետք է հարկվեն, ռազմիկներն ավելի քիչ պետք է հարկվեն»:
«Եթե դուք ասեիք առանձնատների վրա պետք է դնեինք այդ շքեղության հարկը, ասենք` 80 միլիոն կամ 100 միլիոն դրամ, չգիտեմ, կադաստրային արժեքի կամ կադաստրային գնահատմամբ, այստեղ քննարկելու բան կա»:

Թանկարժեք մեքենաների ներկրման դեպքում 20 տոկոսի լրացուցիչ հարկի վերացման մեջ ընդդիմադիր պատգամավորներն այլ դրդապատճառներ են տեսնում, այլ կերպ ասած` որոշ շրջանակի շահագրգռվածություն եւ իրավիճակի փոփոխություն` Եվրասիական միությանը Հայաստանի անդամակցելու հետ կապված: Փակագծերում գտնվող նպատակները բացահայտեցին դաշնակցությունից Արվիկ Մինասյանն ու Արմեն Ռուստամյանը:

«Թյուր կարծիք է ձեւավորվում, թե իբր նախագիծը նպատակ ունի բյուջեում ապահովել հավելյան եկամուտներ»:

«Այս նախագիծը հետընթաց է: Ես ուզում եմ հասկանալ. Ինչ որ համապետական խնդիր ենք լուծում, թե ինչ որ խավի շահերն ենք հետապնդում: Կլինեն մարդիկ, ովքեր պետք է ներկրեն որոշակի գնից բարձր ավտոմեքենաներ եւ սրա դժվարությունն ունեն: Մանավանդ, երբ ասում ենք դիմացը ՄՄ-ն է, այս ամեն ինչը փոխվելու է, նոր դրույքաչափեր են որոշվելու եւ ամենայն հավանականությամբ այդ դրույքաչափերը նախատեսում են հենց այս տեսակի ավտոմեքենաների գները կարող են բարձրանալ: Կարող ա, իսկապես սա նրա համար է, որ մի հատ դուռ բացեք այս մի քանի ամիսը, որպեսզի այդ մարդիկ էժան գներով բերեն այդ ավտոմեքենաները, հետո պահեն, հենց որ թանկացավ` գերշահույթներ ստանան վաճառքից»:

Աժ-ի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը ի վերջո ընդունեց նաեւ այս պնդումները: «Եթե ես ունեմ ընդամենը մի 5-6 ամիս, ինչու եք ստիպում ամեն ինչը բացահայտ ասենք: Շատ լավ բոլորս էլ հասկանում ենք, մեկ-մեկ բաներ կան, որ բոլորս հասկանալով` պետք չի, որ դա բացահայտ ասես: 6 ամիս հետո մենք գնալու ենք մեկ ընդհանուր ՄՄ մեջ, որտեղ այդ դրույքաչափերը կբարձրանան: Հիմա էլ ասում ենք, է հնարավորություն տանք ներկրեն այդ մարդիկ»:

Չնայած այս ամենին, ինչպես նաեւ քվեարկության ժամանակ ընդդիմադիրների բոյկոտին, օրենքն արդեն ընդունվեց առաջին ընթերցմամբ: Քվեարկեցին միայն Հանրապետական խմբակցության պատգամավորներն ու «Ժառանգություն» խմբակցությունից «Ազատ դեմոկրատներ» կուսակցության հիմնադիր-նախագահ Խաչատուր Քոքոբելյանը: Այս քվեարկության ժամանակ հանրապետականները մեծ դժվարությամբ ապահովեցին քվորումը:

 

 

Back to top button