Հասարակություն

Ինչպես պաշտպանել աշխատանքային իրավունքը. իրավաբանի խորհուրդը

Հասմիկ Դիլանյան
«Ռադիոլուր»

Հայաստանում աշխատողների խախտված իրավունքների վերականգնման ամենաարդյունավետ ճանապարհը դատարան դիմելն է. այսպես կարծում է աշխատանքային իրավունքի փորձագետ, իրավաբան Հերիքնազ Տիգրանյանը: Նա վստահեցնում է , որ դատարան դիմելիս դատը շահելու հնարավորություններն ավելի մեծ են: Մեր երկրում շատ քչերն են համարձակություն գտնում ու գործատուի մոտ բարձրացնում իրենց խախտված իրավունքի վերկանգնման հարցը։ Փորձագետները նաև խորհուրդ են տալիս աշխատանքային իրավունքի խախտման դեպքում աջակցություն ակնկալել նաև արհմիություններից:

Տոնական ու մյուս ոչ աշխատանքային օրերին, աշխատանքային ժամի ավարտից հետո աշխատեցնել ու չվճարել, հերթական արձակուրդ չտրամադրել, հատկապես մասնավոր ընկերություններում աշխատողներին չգրանցել, լավագույն դեպքում՝ նվազագույն աշխատավարձը ձևակերպել, աշխատավարձի մյուս հատվածն էլ առձեռն վճարել. մեր երկրում ամենահաճախը հանդիպող աշխատանքային իրավունքի խախտումներն են: Պաշտոնական վիճակագրություն չկա, թե հատկապես որ ոլորտների աշխատողների իրավունքներն են ամենաշատը խախտվում, փորձագետի կարծիքով, սակայն, ավելի շատ շինարարական աշխատանքներ կատարողների իրավունքներն են խախտվում, առևտրի ու սպասրկան կետերում աշխատանք գտնողները նույնպես ռիսկային խմբում են։ «Քար թափելու համար գործատուին բանվոր է պետք, ինքը կարող է սև շուկայից վարձել օրավարձով մեկին, գումարը կանխիկ վճարել, կամ պայմանավորվածությունից էլ պակաս վճարել կամ չվճարել ընդհանրապես»։

Չնայած շատ քչերն են փորձում վերականգնել իրենց խախտված աշխատանքային իրավունքները, այդուհանդերձ, իրավաբանը տեղեկացնում է, որ գոյություն ունի պաշտպանության մի քանի եղանակ։ Դրանց ընտրությունը կախված է իրադրությունից, սուբյեկտի դիրքորոշումից, նաև նրանից, թե ինչ ճանապարհով է ուզում գնալ. ավելի երկա՞ր, թե՞ ավելի կարճ, վարչակա՞ն, թե՞ դատական ճանապարհով։

Հերիքնազ Տիգրանյանը վստահեցնում է՝ դատարան դիմելիս դատը շահելու հնարավորություններն ավելի մեծ են։ «Մենք ունենք շատ լավ նախադեպեր, երբ որ դատարանը գնահատում է աշխատողի աշխատանքից ազատելը անօրինական, անգամ կայացնումէ վերականգնման վճիռ։ Մենք այլ խնդիր ունենք պրակտիկայում, վերականգնման դատական ակտեր ունենք, բայց այդ դատական ակտերի ի կատար ածումը չունենք, որովհետև դա պիտի անի ԴԱՀԿ-ն»։

«Մեր իրականությունում շատ քչերն են համարձակություն գտնում ու գործատուի մոտ բարձրացնում իրենց խախտված իրավունքի վերկանգնման հարցը»,- ասում է աշխատանքային իրավունքի փորձագետ, իրավաբան Հերիքնազ Տիգրանյանը: Փորձագետները խորհուրդ են տալիս՝ աշխատանքային իրավունքի խախտման դեպքում աջակցություն ակնկալել նաև արհմիություններից։

 

Back to top button