Վերլուծական

Քաղաքացիական պատերազմը եւ սիրիական ընտրությունները

Սոնա Հակոբյան
«Ռադիոլուր»

Սիրիայում կայանալիք հերթական նախագահական ընտրությունները նշանակվել են հունիսի 3-ին: Ի տարբերություն 2007 թվականի ընտրությունների՝ այս անգամ առաջադրված են մի քանի թեկնածուներ: Թե ինչպես կկազմակերպվեն ու կընթանան ընտրությունները պատերազմող երկրում դժվար է ասել, բայց որ դարձյալ կվերընտրվի գործող նախագահ  Բաշար ալ-Ասադը, արաբագետ Սարգիս Գրիգորյանը գրեթե համոզված է: Խոսելով սիրիական հակամարտության ու Սիրիայում սպասվող ընտրությունների մասին, արաբագետը չի բացառել, որ քաղաքացիական պատերազմի ներկա պայմաններում ընտրություններն ընդհանրապես չկայանան:

Խոսել նախագահական ընտրությունների մասին մի երկրում, որտեղ ռազմական գործողությունները չեն դադարում, միամտություն կլինի, կարծում է արաբագետ Սարգիս Գրիգորյանը, առավել ևս հաշվի առնելով, որ Սիրիայում տեղի ունեցող իրադարձությունները ոչ թե հեղափոխություն է, այլ՝ քաղաքացիական պատերազմ։ «Եթե 2011 թվականի գարնանը, երբ սկսվեց այս ամենը, կարելի էր որոշ չափով խոսել հեղափոխության մասին, ապա այժմ այն, ինչ տեղի է ունենում Սիրիայում, ուղղակի պատերազմ է կառավարական ուժերի և ընդդիմադիրների, ընդ որում՝ ծայրահեղ իսլամական խմբավորումների  միջև: Մտավախություն կա, որ եթե վերջինները հաղթեն, սա կկազմալուծի ոչ միայն Սիրիան, այլև ողջ մերձավորարևելյան տարածաշրջանը»:

Եթե 2007 թվականի ընտրություններում առաջադրված էր ընդամենը մեկ թեկնածու, ով էլ դարձավ նախագահ, ապա այս տարվա ընտրություններն առանձնանում են թեկնածուների զգալի թվով: Առաջադրվածների մեջ կա նաև կին թեկնածու, ինչն աննախադեպ է Սիրիայի պատմության մեջ: Հատկանշական է նաև, որ ընդդիմադիր թևից չկա և ոչ մի թեկնածու: Հակառակ թեկնածուների թվին ու ակտիվությանը՝ Սարգիս Գրիգորյանը գրեթե համոզված է, որ այս ընտրություններում ևս կվերընտրվի գործող նախագահ Բաշար ալ-Ասադը։ «Շատ փորձագետներ կանխատեսում են, որ Բաշար ալ-Ասադին նորից կհաջողվի շահել ընտրողների ձայները ու վերընտրվել երկրի նախագահի պաշտոնում: ՄԵծ հաշվով ոչինչ չի փոխվելու: Նախագահ են ընտրելու այն տարածքներում, որտեղ կառավարական ուժերն են: Իսկ այն տարածքներում, որտեղ ընդդիմնադիր ուժերն են, այնտեղ ընտրություններ չեն լինելու»։

Նշենք, որ Սիրիայում նախագահն ընտրվում է 7 տարով և Բաշար ալ-Ասադն անում է ամեն ինչ՝ կայանալիք ընտրությունները լեգիտիմ անցկացնելու ուղղությամբ: Սակայն հաշվի առնելով Սիրիայում տեղի ունեցող ռազմական գործողություններն ու անընդհատ զարգացումները, արաբագետը չի բացառում, որ քաղաքացիական պատերազմի ներկա պայմաններում ընտրություններն ընդհանրապես չկայանան։

 

Back to top button