Քաղաքական

Փորձարկվեց ՀՀ-ի՝ մանևրելու ունակությունը. ամփոփում են Արեւելյան գործընկերության 5 տարին

Արմինե Գեւորգյան
«Ռադիոլուր»

«Եվրամիության Արևելյան գործընկերության 5 տարին. ձեռքբերումներ և բացթողումներ» թեմայով Երևանում այսօր տեղի ունեցավ կլոր սեղան-քննարկում, որի ժամանակ «Եվրասիա համագործակցություն» հիմնադրամի ծրագրերի ղեկավար Միքայել Հովհաննիսյանը կարծիք հայտնեց, թե Հայաստանի համար Արևելյան գործընկերության միայն անունը կար, քանի որ գործիքները չկային որոնցով կարելի էր օգտվել Արևելյան գործընկերության ընձեռած բոլոր հնարավորություններից: Ազատ Դեմոկրատներ կուսակցության փոխնախագահ Անուշ Սեդրակյանն էլ հայտարարեց, որ չնայած ՀՀ պաշտոնյաները կողմ են արտահայտվում Մաքսային միությանը, բայց իրենց երեխաներին ուղարկում են սովորելու ոչ թե Վորոնեժ, այլ՝ Եվրոպա, կամ եթե հնարավորություն ունեն երկրից մեկնելու` մեկնում են Եվրոպա, կամ էլ իրենց անշարժ գույքը գրանցում են հենց Եվրոպայում: 

Հինգ տարի առաջ, երբ խոսվում էր Արևելյան գործընկերության մասին, ընկալումները բոլորովին և իրարից տարբերվում էին: Սկզբնական շրջանում Արևելյան գործընկերությունն ընկալվում էր ԱՄՆ կողմից ներդրված նախագիծ, սակայն վերջին ժամանակներում սկսեցին խոսել այն մասին, որ Եվրոպան կարիք ունի համագործակցելու ավելի սկզբունքային և ավելի կանխատեսելի գործընկերոջ հետ:

«Ազատ դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահ Անուշ Սեդրակյանն այսօր նկատում է, որ Հայաստանում այնքան էլ մեծ ուշադրություն չեն դարձրել Արևելյան գործընկերությանը: «Մենք Եվրամիությանը նայում ենք որպես կթու կովի, որ պետք է գա ու Հայաստանին ֆինանսավորի: Բայց կարևոր է, որ հասարակությունը ներսից ոչ միայն ենթարկվի Եվրոպայից իջեցված միջոցառումներին, այլև թելադրի ներսից: Այսինքն՝ պետք է ունենանք հասարակական ներքին ինքնակազմակերպում»,- ասում է։

«Եվրասիա» համագործակցության հիմնադրամի ծրագրերի ղեկավար Միքայել Հովհաննիսյանն ամփոփելով Արեւելյան գործընկերության 5 տարիների արդյունքները, կարևորեց Քաղաքացիական հասարակության ֆորումի ձևավորումն ու նշեց. «Եվրոպան ցանկանում էր ունենալ ավելի կառավարելի, սկզբունքային և կանխատեսելի գործընկերներ»։

Իսկ ի՞նչ տվեց Հայաստանին Արևելյան գործընկերությունը. Անուշ Սեդրակյանի դիտարկմամբ՝ այն Հայաստանին տվեց եվրոպական ներկայություն, ու եթե մենք այդ ներկայությունից զրկվենք, ապա բոլորովին այլ իրավիճակում կհայտնվենք։ «Ինչպե՞ս է, որ ՀՀ պաշտոնյաները կողմ են արտահայտվում Մաքսային միությանը, բայց իրենց երեխաներին ուղարկում են սովորելու ոչ թե Վորոնեժում, այլ՝ Եվրոպա, կամ իրենց գույքը գրանցում են Եվրոպայում»։

«Եվրասիա» համագործակցության հիմնադրամի ծրագրերի ղեկավար Միքայել Հովհաննիսյանը հետևյալ դիտարկումն արեց. «Փորձարկվեց ՀՀ-ի՝ մանևրելու ունակությունը։ Պարզվեց, որ այն նվազել է»։

Back to top button