Քաղաքական

Րաֆֆի Հովհաննիսյանի ժամացույցն աշխատում է ավելի արագ

Կարեն Ղազարյան
«Ռադիոլուր»

 «Վարչապետ Սարգսյանին վարչապետ Աբրահամյանով ու խորհրդարանի խոսնակ Աբրահամյանին Սահակյան խոսնակով փոխարինելը սահմանադրական  իշխանափոխություն չէ»,- այսօր հայտարարել է «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանը` լրագրողների հետ հանդիպման ժամանակ արձագանքելով «հրաշալի քառյակ» անունը ստացած խորհրդարանական ոչ իշխանական ուժերի հետագա համագործակցությանն առնչվող հարցին: Րաֆֆի Հովհաննիսյանը շեշտել է, որ խորհրդարանական ոչ իշխանական 4 ուժերը խոստացել են սահմանադրական իշխանափոխություն եւ միաժամանակ նկատել, որ միասնական օրակարգն առայժմ բացակայում է:

Քառյակ ձեւակերպումը Րաֆֆի Հովհաննիսյանի համար ընդունելի չէ: Ասաց, որ ինքը ողջունել է 4 ուժերի աննախադեպ համագործակցությունը խորհրդարանի ներսում եւ հույս ունի, որ այդ համագործակցությունը կշարունակվի ու կխորանա։ Հովհաննիսյանը շեշտեց, թե ինքը հույս ուներ, որ ապրիլ ամսին կլինի այն միասնական հրապարակը, որը խոստացվել էր, ապա պատկերավորելով հավելեց, թե հասկացել է, որ երբեմն իր ժամացույցն աշխատում է ավելի արագ, քան մյուսներինը, ուստի համակերպվել է առայժմ սպասելու մտքին։

«Ես սիրով կսպասեմ մինչեւ մայիսի կեսերը, երբ կառավարության ծրագիրը պետք է հաստատվի։ Իմ գնահատականը կտամ»,- ասաց։ Նման միտք Հովհաննիսյանը հայտնեց` արձագանքելով նաեւ դիտարկմանը, որ խորհրդարանի խոսնակի ընտրության հետ կապված միասնական մոտեցում  խորհրդարանական ոչ իշխանական 4 ուժերի մոտ այդպես էլ չձեւավորվեց: Բանախոսն ասաց, թե չի չցանկանում ուրիշի փոխարեն մեկնաբանել  ուրիշի վարքը: Մեկ այլ առիթով էլ ասաց, թե համարում է, որ դա քաղաքական ուժերի` իրենց ինքնությունը ընդգծելու անհրաժեշտությամբ էր պայմանավորված։ «Ներկա դրությամբ ես համարում եմ ցավալի, որ երեկ քվեարկության ժամանակ չկար միահամուռ մոտեցում: Ես կարծում եմ, որ դա վերջին ահազանգն էր մինչեւ կառավարության ծրագրի ներկայացումը»։

Խորհրդարանական ոչ իշխանական 4 ուժերի համագործակցության ամենաառանցքային քննությունը լինելու է կառավարության  ծրագրի ներկայացման ժամանակ, հավելեց «Ժառանգության» ղեկավարը: Նրա փոխանցմամբ` «Ժառանգությունն» ընդառաջել է գործընկերների այդ խնդրանքին։ Կուսակցության  ղեկավարի կարծիքով` քաղաքական 4  ուժերը վերջին հնարավորությունն ունեն դեռ ճշտելու իրենց վերջնանպատակները, որոշումները կայացնելու մեխանիզմը: Բանախոսն ասաց՝ առայժմ տեղին չէ խոսել վստահելի կամ ոչ վստահելի գործընկերության մասին: Տարընթերցումներ պատահում են:

Ըստ Րաֆֆի Հովհաննիսյանի` երեկվա քվեարկությամբ էլ այս առնչությամբ ահազանգ հնչեց, սակայն «Ժառանգության» ղեկավարը հույս ունի, որ քառյակին մասնակից ուժերը ցանկության դեպքում եւ ժողովրդի մասնակցությամբ ու զորակցությամբ կկարողանան կանխել կառավարության ներկայացնելիք ծրագիրը: Հնարավորությունը դեռ կորսված չէ` այս հույսով թեման եզրափակեց Րաֆֆի Հովհաննիսյանը:

Րաֆֆի Հովհաննիսյանը ներկայացրեց նաեւ մանրամասներ ապրիլի 24-ի առիթով Թուրքիայում կազմակերպված ոգեկոչման միջոցառումներին իր մասնակցության եւ ունեցած ելույթների մասին: Հովհաննիսյանը շեշտեց, որ հարցազրույցների մեխը եղել է Էրդողանի հայտարարությունը, որը տարբեր մեկնաբանություններ ունեցավ: Իր կարծիքով` դա Թուրքիայի ժխտողական քաղաքականության արդիական տեսակն է, ինչն Արեւմուտքի համար լավ է հնչում, բայց հայերիս համար հասկանալի է, որ այն վնասների նվազեցում է` Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ ցույլ տալով, թե Թուրքիայում ինչ-որ փոփոխություն է տեղի ունեցել:

Եթե այդ փոփոխությունն անկեղծ է, ապա մինչեւ 100-րդ տարելիցը մենք կտեսնենք նաեւ այլ քայլեր թուրքական կառավարության կողմից, կարծում է Րաֆֆի Հովհաննիսյանը։

Back to top button