Հայկոմկուսին մտահոգում է արտագաղթը. հույսը՝ Մաքսային միությունն է


Կարեն Ղազարյան
«Ռադիոլուր»
«Հակառակ այն հանգամանքին, որ մայիսի 1-ը Հայաստանի անկախացումից հետո ճանաչվել է տոն` այսօր այն չեն նշում` կարծելով, որ այն վերաբերում է կոմունիստական կուսակցությանը և հուսալով, որ դրանով ևս մեկ անգամ կնսեմացնեն կուսակցության դերը»,- լրագրողների հետ այսօրվա հանդիպման ժամանակ հայտարարել է Հայաստանի կոմունիստական կուսակցության առաջնորդ Տաճատ Սարգսյանը` աշխատավորների օրվան ընդառաջ ներկայացնելով կումկուսի կազմակերպած միջոցառումները։
Կոմկուսի ղեկավարի մտահոգությունները չեն սահմանափակվել միայն տոների վատ կազմակերպմամբ: Նա նաև անդրադարձել է ՀՀ-ում տիրող ներկայիս իրավիճակին` քննադատելով իշխանություններին` մասնավորապես վերջին տարիներին մեծ թափ առած արտագաղթի համար։ «Այսօր Հայաստանում չի դադարում արտագաղթը: Վերջին 4 տարվա ընթացքում հանրապետությունից արտգաղթել է 200.000 մարդ»,- ասում է Հայկոմկուսի ղեկավարը: Տաճատ Սարգսյանի կարծիքով` պատճառը երկրում տիրող համատարած գործազրկությունն է: Այս իրավիճակից բխում է մեկ այլ կարևոր խնդիր ևս: Զանգվածային արտագաղթը հանգեցնում է երկրի ծերացման:
Կումկուսի ղեկավարին անհանգստացնող հիմնական խնդիրներից պետբյուջեն է, ավելի կոնկրետ` դրա ակնհայտ նվազումը։ Տաճատ Սարգսյանը հույս հայտնեց, որ Հայաստանը, դառնալով Մաքսային միության անդամ, կունենա ավելի լայն հնարավորություններ լուծելու տնտեսական, մշակութային և այլ ոլորտներում առկա խնդիները: Բացի այդ՝ ըստ նրա՝ ՄՄ-ին անդամակցությունը հնարավորություն կտա, նրա ձևակերպմամաբ, ավելի լայն մասշտաբներով քննարկելու Ղարաբաղյան հակամարտության խնդիրը։