Հայաստանում անպտղությունը հասել է վտանգավոր չափերի


Լիլիթ Մուրադյան
«Ռադիոլուր»
Հայաստանում անպտղությունը հասել է վտանգավոր չափերի,-ահազանգում են մասնագետները: Խնդիրն այսօր քննարկվել է Բլից ինֆոյում լրագողների հետ հանդիպման ժամանակ ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի գործադիր ներկայացուցիչ Գարիկ Հայրապետյանը տեղեկացրել է, որ մեր երկրում անպտղությունը կազմում է 17% , որից առաջնային անպտղությունը՝ 5, իսկ երկրորդայինը՝ 12 տոկոս է կազմում: Եթե առաջին դեպքում պատճառները բնածին արատներն են, ապա երկրորդի դեպքում անպտղության հիմնական պատճառները սեռավարակներն ու աբորտներն են: «Երկրորդային անպտղության պատճառները աբորտն ու սեռավարակներն են: Նաև տեղեկացվածության լուրջ խնդիր կա, անպտուղ կանանց մեծ մասը պարզապես տեղյակ չէ, որ դա իր մոտ առկա սեռավարակի հետևանք է: Ամեն երրորդ անպտուղ կինը աբորտ է կատարել: Հատկապես ոչ պրոֆեսիոնալ կատարված աբորտներն ազդում են անպտղության վրա: Մի հետաքրքիր փաստ եւս.կանանց մոտ առաջնային անպտղությունը երկու անգամ ավելի ցածր է, քան տղամադկանց մոտ: Երկրորդայինի դեպքում գրեթե հավասարվում է »: