ԿարևորՔաղաքական

Խորհրդարանն սկսեց, բայց չավարտեց «պարտադիր կուտակայինի» հարցի քննարկումը

Լենա Բադեյան
«Ռադիոլուր»

ԱԺ- ում այսօր կազմակերպվել է եւս մեկ փակ գաղտնի քվեարկություն` ԱԺ պետա-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թափուր տեղի համար: Հիշեցնենք, որ տեղն ազատվել էր Դավիթ Հարությունյանի` կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար նշանակվելուց հետո: Խորհրդարանում ազատված պաշտոնին հավակնում էր ընդամենը մեկ թեկնածու, նա էլ ընտրվեց: Այսուհետ պետա- իրավական  հարցերի մշտական հանձնաժողովը ղեկավարելու է հանրապետական պատգամավոր Հովհաննես Սահակյանը: ԱԺ- ն այսօր քննարկել է կենսաթոշակային բարեփոխումների «պարտադիր կուտակային» բաղադրիչի հետ կապված փոփոխությունը: Հարցի քննարկումը, սակայն, չի ավարտվել: Նույնիսկ քննարկման ընթացքում բազմաթիվ հարցերից հետո էլ պարզ չդարձավ, թե ինչ իրավունքներ ունեն աշխատողներն ու գործատուները:  

Գալուստ Սահակյանի նախագահությամբ Աժ- ում կազմակերպված առաջին քվեարկությունը մեծ դժվարությամբ անցավ: Հանրապետականը նույնիսկ ստիպված էր 20 րոպեանոց արտահերթ ընդմիջում վերցնել` իրավիճակային փոփոխությունը կարգի բերելու, պարզ ասած` բացակա պատգամավորներին քվեարկության հրավիրելու եւ քվորումն ապահովելու համար: Խնդիրն առաջացավ, երբ Դաշնակցությունը, «Բարգավաճ Հայաստանը», «Ժառանգությունը», ՀԱԿ-ը եւ «Օրինաց երկիրը» հայտարարեցին, որ «Ակցիզային հարկի» մասին օրենքում փոփոխությունների եւ լրացումների նախագծի քվեարկությանը սկզբունքորեն չեն մասնակցելու։

Ընդմիջումից հետո ՀՀԿ- ին ամեն դեպքում հաջողվեց առաջին ընթերցմամբ ընդունել օրենքը`67 կողմ, 1 դեմ ձայների հարաբերակցությամբ: ԱԺ երկարակյաց պատգամավորներից մեկը Աժ նախագահի պաշտոնում այսօր դեռ մի քիչ շփոթված եւ կաշկանդված էր վարում նիստը` խառնելով հերթականությունը, դիմելաձեւը, պաշտոնները…

Խորհրդարանն այսօր շարունակեց երեկ երեկոյան մեկնարկած կենսաթոշակային բարեփոխումների «պարտադիր կուտակային» բաղադրիչի հետ կապված փոփոխության քննարկումը։ Փոփոխություններն ընդունելու համար  կառավարությունը սահմանել է 24-ժամյա ռեժիմ, բայց խորհրդարանի այս նստաշրջանը ընդհատվում է տոնական օրերի պատճառով: Գալուստ Սահակյանն արդեն հայտարարել է, որ մայիսի 12-ին նախատեսված է Աժ արտահերթ նիստ: Խորհրդարանական քառյակը այսօրվա նիստից առաջ նիստ էր գումարել եւ որոշել. եթե կառավարությունը չընդունի ընդդիմադիրների առաջարկություններն, ապա իրենք էլ արտահերթ նիստի նախաձեռնությամբ հանդես կգան։

Back to top button