Քաղաքական

Էդ. Նալբանդյան. Ադրբեջանում հայատյացության դրսևորումներն այնքան կոպիտ են, որ ակնհայտ են

«Գերմանիայում այսօր մեծ թվով հրեաներ են ապրում, բայց որևէ մեկը չի հանդգնի կասկածի տակ դնել Հոլոքոստի իրողությունը։ Թուրքիան ճիշտ կաներ հետևեր Գերմանիայի օրինակին՝ ճանաչեր, դատապարտեր և ներողություն խնդրեր։ 1915 թ. Թալեաթը Գերմանիայի Գլխավոր Հյուպատոսին ասում էր, թե հայկական հարց չկա, որովհետև այլևս հայ չկա:  99 տարի անց հայերը միջազգային հանրության հետ միասին պայքարում են նոր ցեղասպանությունների, մարդկության դեմ  նոր հանցագործությունների բացառման համար և սպասում են Թուրքիայի կողմից քաղաքակիրթ քայլերի»,- այսօր հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը ԱԺ- կառավարություն հարցուպատասխանի ժամանակ՝ անդրադառնալով Թուրքիայի վարչապետ Ռեջեբ Թաիպ Էրդողանի այն հայտարարությանը, թե քանի որ Թուրքիայում ապրում են հայեր՝ դա ապացուցում է, որ Թուրքիայում Ցեղասպանություն տեղի չի ունեցել։

Անդրադառնալով Ադրբեջանում մարդու իրավունքների խնդրին՝ նախարար Նալբանդյանը նշել է, որ վերջին շաբաթվա ընթացքում Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հանձնակատարը երկու հայտարարություն է արել նրա մասին, որ մարդու իրավունքների ոլորտում վիճակը Ադրբեջանում վատթարանում է: «Մենք լավ գիտենք, որ հայատյացության, անհանդուրժողականության խտրականության դրսևորումները Ադրբեջանում սովորական երևույթ են դարձել: Ես կարծում եմ, որ նման երկրի ոչ միայն նախագահությունը Եվրախորհրդում, այլ նաև անդամակցությունը պատիվ չի բերում այդ կազմակերպությանը»,- ասել է ԱԳ նախարարը։

Իսկ արդեն պատասխանելով լրագրողների հարցին՝ նշել է, որ Հայաստանը Եվրախորհրդում բարձրաձայնում է Արդբեջանում հայատյացության դրսեւորումների մասին։ «Սակայն այդ դրսևորումներն այնքան կոպիտ են, որ ակնհայտ են։ Օրինակ՝ ինչ է նշանակում ադրբեջանցի ոստիկանապետի երեկ արված հայտարարությունը, որ Լեյլա Յունուսի նկատմամբ անմարդկային վերաբերմունքը արդարացված է նրա իբրև թե հայ լինելու հանգամանքով։ Այդպիսի բազմաթիվ դրսևորումներ հայտնի են, թե Եվրախորհրդին, թե այլ կազմակերպություններին»,- ասել է Էդվարդ Նալբանդյանը։

Back to top button