Միջազգային

Վաշինգտոնն ընդլայնել է այն ընկերությունների և անձանց ցանկը, որոնց նկատմամբ պատժամիջոցներ կկիրառվեն

Վաշինգտոնն Ուկրաինայում ստեղծված իրավիճակով պայմանավորված ընդլայնել է այն ընկերությունների և անձանց ցանկը, որոնց նկատմամբ պատժամիջոցներ կկիրառվեն: Այդ ցանկում հայտնվել են ռուսաստանյան ևս 17 ընկերություն և 7 քաղաքացի: Արդյունքում ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել 50 ռուսաստանյան, ղրիմյան և ուկրաինական քաղաքական գործիչների և գործարարների նկատմամբ: «ԱՄՆ պատժամիջոցների երկրորդ ալիքը չի վախեցրել ոչ ռուսաստանցի չինովնիկներին, ոչ էլ ընկերություններին», -գրում է Ռիա- Նովոստին: Պատժամիջոցների տակ հայտնված բոլոր 17 ընկերությունների արժեթղթերը չեն սակարկվում բորսաներում, իսկ պաշտոնական անձանցից, որոնց անունները տեղ են գտել ցուցակում, տնտեսության հետ անմիջական կապ ունեն միայն «Ռոստեխ» պետական կորպորացիայի ղեկավար Սերգեյ Չեմեզովը և «Ռոսնեվթի» նախագահ Իգոր Սեչինը:

Ըստ Ռիա-Նովոստիի Ղրիմի միանալու և Ուկրաինայում ստեղծված իրավիճակի հարցում Ռուսաստանի բռնած դիրքորոշման դիմաց պատժի նման տարբերակը Մոսկովյան բորսայում համարել են բավականին մեղմ և արդյունքում ռուբլու փոխարժեքը, նաև ռուսաստանյան բազմաթիվ ընկերությոնների արժեթղթերի գները բարձրացել են: Վատատեսությունից շատ հեռու են եղել նաև փորձագետների և չինովնիկների մեկնաբանությունները: «Հավանաբար մեր հոգեբանություն է այդպիսին, որ արտաքին բացասական ուժեղ որևէ ազդակ է պետք համախմբվելու համար: Որքան ավելի շատ պատժամիջոցներ լինեն, այնքան համախմբումը մեծ կլինի: Հիմա այդպիսին է սահմանված պատժամիջոցների գլխավոր ազդեցությունը»,-հայտարել է լրագրողներին Ռուսաստանի նախագահի օգնական Անդրեյ Բելոուսովը:

Back to top button