Մշակույթ

Պարի միջազգային օրը վրացի պարային խմբերը հանդես կգան Երեւանում

Աիդա Ավետիսյան
«Ռադիոլուր»

Յուրաքանչյուր ժողովուրդ ստեղծել է իր ավանդական պարային լեզուն: Պարը ժողովրդական արվեստի ամենահին արտահայտություններից է։ Կյանքի շրջադարձային իրադարձությունները տոնելու համար մարդիկ միշտ են պարել: Պարը որպես ինքնադրսևորման միջոց այնպես է արմատավորվել ազգերի մեջ, որ միջազգային տոն ունի օրացույցում: Հայաստանում օրվա հետ կապված միջոցառումները բազմազան են: Այս անգամ տոնը  մեզ հետ նշելու  են վրացիները: 

Հերթական մշակութային երկխոսությունն այս անգամ  հարևան Վրաստանի հետ: Հայաստանում կազմակերպվել է «Ազգերի բարեկամություն» խորագրով համերգ-փառատոն: Կազմակերպիչները «Միլեն»  շոու-բալետ  ժամանակակից հայկական  պարի դպրոց ստուդիան է և Վրաստանի պարարվեստի միությունը։ Համատեղ համերգը կկայանա այսօր Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային  ակադեմիական թատրոնում: Իսկ մինչ համերգը տեղի կունենա պարային դեֆիլե:

Տոնական երեկո, ուրախ մթնոլորտ  է  խոստանում «Միլեն»  շոու-բալետ  ժամանակակից հայկական  պարի դպրոց- ստուդիայի գեղարվեստական ղեկավար Արթուր Եղոյանը:  Կմասնակցեն և պրոֆեսիոնալ,  և սիրողական անսամբլներ։

Վրաստանի պարարվեստի միության փոխնախագահ Յուրի Տորաձեն  շնորհավորեց պարի միջազգային օրվա կապակցությամբ և ուրախ է, որ այս օրը նշելու են բարեկամ հայերի հետ։ «Մենք շատ ուրախ ենք, որ մեզ հրավիրել են մասնակցելու այսօր կայանալիք տոնական միջոցառմանը: Մենք եկել ենք 300 պարողներով եւ  հուսով ենք, որ փառատոնը կանցնի ջերմ մթնոլորտում»։

Յուրի Տորաձեի տեղեկացմամբ` միայն Թբիլիսիում այսօր պարում է  մոտ կես միլիոն մարդ: Նրա խոսքով` վրացիները հետաքրքրված են ազգային պարերով և մեծ ուշադրություն են դարձնում  մշակույթի այս ճյուղին: Վրաստանում հունիսի 11-ին նշվում է վրացական պարի օր` ի հիշատակ Նինո Ռամիշվիլիի: Այս տարի կազմակերպվող միջացառմանը մասնակցելու են նաև հայկական պարային խմբեր:

 

Հուլիսի 1- 14-ը Վրաստանի մի  շարք քաղաքաներում`Բաթումում, Քոբուլեթիում, Փոթիում, Զուգդիդիիում տեղի կունենա պարի  փառատոն:  Հայաստանցի գործընկերներն արդեն ստացել են հրավերը: Վրացի պարուսույցները կարևորում են նման  միջոցառումները, որոնք  հնարավորություն են հատկապես  երիտասարդներին ճանաչել միմյանց մշակույթն ու պատմությունը:

«Միլեն»  շոու-բալետ  ժամանակակից հայկական  պարի դպրոց- ստուդիայի գեղարվեստական ղեկավարի խոսքով` իրենք եւս հանդես են գալիս հայկական օրացույցում ազգային պարի օր ունենալու նախաձեռնությամբ։

 

 

Back to top button