Հասարակություն

Հայաստանը եւս միանում է «Գեորգիեւյան ժապավեն» ակցիային

Արտակ Բարսեղյան
«Ռադիոլուր»

Երկրորդ համաշխարհային պատերազմում ֆաշիստական Գերմանիայի հանդեպ տարած հաղթանակի 69- րդ տարեդարձին ընդառաջ ապրիլի 24-ից  75 երկրներում մեկնարկել է «Գեորգիևյան ժապավեն» ակցիան, որի շրջանակներում բոլոր ցանկացողներին անվճար բաժանվում են սև և նարնջագույն զոլերով այս ժապավենները։

Երեք սև և երկու նարնջագույն զոլ. սա է Երկրորդ համաշխարհային պատերազմում ֆաշիստական Գերմանիայի դեմ հաղթանակի խորհրդանիշ դարձած Գեորգիևյան ժապավենը: Սև գույնը խորդանշում է ծուխը, իսկ նարնջագույնը՝ հուրը: Այս ակցիան անց է կացվում ամեն տարի՝ 2005 թվականից սկսած:

Ըստ կազմակերպիչների՝ ժապավենների տարածումը կոչված է հիշեցնել նոր սերունդներին ով և ինչ գնով հաղթանակեց անցյալ դարի ամենասարսափելի պատերազմում, որի հերոսներով պետք է պարծենալ և հիշել նրանց։ Ժապավենները, որպես կանոն, ամրացվում են հագուստին, կապում են պայուսակին կամ ավտոմեքենայի ալեհավաքին:

Հայաստանում այս ակցիան անց է կացվում 2011 թվականից, այսօր հայտնեց «Վիկտորիա» պատմաբանների ակումբի պատմամշակութային հասարակական կազմակերպության նախագահ Լիլիթ Ասոյանը։ Ըստ նրա՝ տարեց տարի ավելանում է ակցիայի մասնակիցների թիվը։ Բացի ժապավենների տարածումից կիրականացվեն հիշատակի բազմաթիվ միջոցառումներ, ինչպես նաև գիտական կոնֆերանսներ, ուշադրության կենտրոնում կլինեն Երկրորդ համաշխարհային պատերազմի տարեց սակավ վետերանների խնդիրները: Ակցիայի շրջանակներում այսօր անց է կացվում Գյումրի-Երևան ավտոարշավը։

Հաջորդ տարի նշվելու Մեծ հաղթանակի 70-րդ տարեդարձը և այս կապակցությամբ ևս ամբողջ հանրապետությունում կանցկացվեն տոնական միջոցառումներ։ Լիլիթ Ասոյանը գոհունակությամբ նշեց, որ հայ երիտասարդները բավականին տեղեկացված են Երկրորդ համաշխարհայինի պատերազմի մասին, առանձին ուշադրություն է դարձված պատմության այս էջին դպրոցական և բուհական դասագրքերում։

 

Back to top button