Մշակույթ

Բալետն այսօր արտահայտում է մեր երկրի մշակութային պատկերը.Ռուդոլֆ Խաչատրյան

Ալիսա Գեւորգյան
«Ռադիոլուր»

«Գլխավոր բալետմայստերի պաշտոնում ես կամ, թե չկամ էական չէ: Էականը հայկական բալետի ապագան է, հույս ունեմ, որ ամեն ինչ լավ կլինի»,-այսօր ասել է Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի արդեն նախկին գլխավոր բալետմայստեր, ՀՀ ժողովրդական արտիստ Ռուդոլֆ Խառատյանը: «Պարարվեստը նման է օդանավի, եթե օդանավի վրա արծիվ նկարես, այն չի թռչի: Անհրաժեշտ է որոշակի տեխնիկա, որպեսզի օդանավն անհրաժեշտ արագություն հավաքի ու վեր բարձրանա: Իմ խնդիրն այն է, որ պարողներն այնքան մարզվեն, որ կարողանան թռչել: Բալետը թռիչք է, այն օրվա հացի, կենցաղի հետ կապ չունի, սա կապ է տիեզերքի ու Աստծո հետ: Բալետը հզոր միջոց է փոխանցելու ազգի վերացական մտածելակերը, իսկ մեր ազգը հզոր ազգ է, մեծ ներուժ ունի»:

Ճանաչված բալետմեյստեր, ՀՀ ժողովրդական արտիստ Ռուդոլֆ Խառատյանը, սակայն, ցավով հավելում է, որ դասական բալետի մեծ ընտանիքի ավանդույթները Հայաստանում ներդնելու իր ցանկությունն այդպես էլ իրականություն չդարձավ.«Երբ դրսից նայում ես, Հայաստանը մի փոքրիկ հողակտոր է, որը շատ կարևոր է, բայց չի կարողանում ձևավորվել, իր տեղը գտնել, անընդհատ դրսից թելադրվում է: Նույնը տեղի է ունենում բալետում, որն իր մեջ խեղդվում է: Բալետն այսօր արտահայտում է մեր երկրի մշակութային պատկերը»:

Խառատյանի համոզմամբ, եթե զինուժը պահպանում է երկրային սահմանը, ապա արվեստը երկրի հոգևոր սահմանի պահապանն է: «Ողջ աշխարհն է փորձում իր արվեստով գրավել ավելի ու ավելի մեծ մեծ տարածքներ, իսկ մենք՝ հնարավորությունն ունենալով հանդերձ, չենք անում դա: Ավելի լավ հեռուսացույց ու մեքենա մենք չենք կարող ստեղծել, բայց կարող ենք մեր արվեստով ներկայալ: Բալետը այն միջոցն է, որով կարող ենք ցույց տալ հայկական ոգին, պատմությունը, այստեղ թարգմանության կարիք չկա, մինչդեռ խոսքը միշտ քաղաքականացվում է»,-ասում է Ռուդոլֆ Խառատյանը: Աշխարհին հայտնի աշակերտներ տված արվեստագետը Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեիական թատրոնի գլխավոր բալետմայստերի պաշտոնը թողնելուց հետո չի ստեղծի արդյոք բալետի իր դպրոցը Հայաստանաում, հարցին Խառատյանի պատասխանն այսպիսին է.«Հենց զգացի, որ կա այդ հումքը, կանեմ: Պարողը երբ գալիս է թատրոն, պետք է հասկանա, որ ինքը բարձրագույն արվեստ է ներկայացնում: Ցավոք այդ մտածելակերպը այսօր չեմ տեսնում»:

«Կարգ ու կանոնի պակաս կա, ինչպես ամբողջ երկրում, կարգ ու կանոն հաստատվեց, ամեն ինչ կհայտնվի իր տեղում: Ցավոք, «Դե կանենք էլի» սկզբունքն այսօր մեր միջավայրում գերակայող է, ինչը չափազանց վտանգավոր է» ,-համոզված է արվեստագետը:
«Գլխավոր բալետմեյստերի պաշտոնում ես կամ, թե չկամ էական չէ: Էականը հայկական բալետի ապագան է, հույս ունեմ, որ ամեն ինչ լավ կլինի»,-ասում է Ռուդոլֆ Խառատյանը: Հիշեցնենք, որ արվեստագետն օրերս օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գլխավոր բալետմայստերի պաշտոնից ազատվելու դիմում է ներկայացրել: Նրան այս պաշտոնում կփոխարինի ՀՀ ժողովրդական արտիստ Վիլեն Գալստյանը: Ինքը ՝ Խառատյանը, թատրոնում կշարունակի աշխատել որպես հրավիրյալ բալետմայստեր:

Back to top button