

Լենա Բադեյան
«Ռադիոլուր»
Այսօր մեկնարկեց ԱԺ քառօրյան, որը փաստացի լինելու է եռօրյա` մայիսյան տոների պատճառով: Հենց սկզբից էլ խորհրդարանի աշխատանքը հագեցված էր` նոր պատգամավորներ, 20 րոպեանոց ընդմիջումներ, ընդդիմադիր բանակի համալրում, ԱԺ նախագահի ընտրություններ, ընդդիմադիրների նոր գործելաոճ, Սեւանի, կենսաթոշակների եւ օրակարգում ընդգրկված բազմաթիվ առաջնային հարցեր եւ այդ ամենիչն գումարած` բողոքի ակցիա ԱԺ շենքի մոտ: Չնայած սրան Աժ-ի նիստը այսօր մեկնարկեց «բարի լուրերով», ինչպես դա բնութագրեց ԱԺ- ի նախագահի պաշտոնակատար Էդուարդ Շարմազանովը: Բարի լուրերի շարքից էր նոր պատգամավորների մուտքը Աժ։ Կառավարություն տեղափոխված Հովիկ Աբրահամյանի, Դավիթ Հարությունյանի եւ Կարեն Ճշմարիտյանի փոխարեն այսօրվանից պատգամավորական աշխատանքի անցան Լեռնիկ Ալեքսնայնաը, Գագիկ Մելիքյանն ու Վահրամ Մկրտչյանը:
Այսօր խորհրդարանում փոխվեց իշխանություն-ընդդիմություն համամասնությունը: «Օրինաց երկիր» խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը պաշտոնապես հայտարարեց, որ խմբակցությունն այլեւս պաշտոնապես ընդդիմադիր է։
Քննարկվող հարցերի հերթականությունը դասավորվեց այնպես, որ ՕԵԿ ընդդիմադիր դառնալուն պես ոչ իշխանական քառյակը կրկին պահանջեց ստեղծել ժամանակավոր հանձնաժողով փողոցներում արագաչափերի, տեսախցիկների եւ կարմիր նշագրումների խնդրի վերաբերյալ: Մինչ այդ ընդդիմադիրները համաձայնության էին եկել խորհրդարանի ղեկավարության հետ` հարցը լսումների միջոցով պարզելու համար:
Այսօր ընդդիմադիրները կրկին պնդում են սեպտեմբերից նույն հարցով հանձնաժողով ստեղծելու պահանջը: Ընդդիմությունը նույնիսկ 20 րոպե ընդմիջում վերցրեց` քաղաքական մեծամասնության հետ «կոնսուլտացիա» անցկացնելու համար: Դրանից հետո Հանրապետական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը հայտարարեց, որ խմբակցությունը դեմ է քվեարկելու առաջարկությանը։ 51 կողմ, 62 դեմ ձայների հարաբերակցությամբ խորհրդարանը մերժեց ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու առաջարկը:
Այստեղ հատկանշական է, որ «Օրինաց երկրի» պատգամավորները քվեարկեցին ընդդիմադիրների պես: Սակայն սա դեռ չի նշանակում, որ ոչ իշխանական քառյակը ընդլայնվելու է: Նախ՝ ՕԵԿ-ը դեռ նման ցանկություն չի արտահայտել, քառյակում էլ դեռ զգուշորեն են վերաբերվում այդ քաղաքական ուժին:
Դաշնակցություն խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը, ի դեպ, տեղեկացրեց, որ բոյկոտելու են ԱԺ նախագահի ընտրությունները: Նույն դիրքորոշումն ունեն նաեւ ՀԱԿ խմբակցությունում, սակայն այս հարցով քառյակի հստակ որոշում չկա` խմբակցություններն իրենք են որոշում: Հիշեցնենք, որ ԱԺ նախագահի պաշտոնում Հանրապետականը առաջադրում է Գալուստ Սահակյանի թեկնածությունը: Ի դեպ` Գալուստ Սահակյանն այսօր լրագրողների հետ զրույցի ժամանակ նշեց, որ վատ կզգա, եթե որեւէ մեկը չմասնակցի քվեարկությանը։ Ամեն դեպքում՝ Արմեն Ռուստամյանը փորձում է լավատես լինել, բայց եւ զգուշացնում է. պետք է ականջալուր լինեն ընդդիմությանը:
«Նույն անձանց շրջանակներում տեղի ունեցող ինչ- որ տեղաշարժեր». մինչ այս տեղի ունեցած փոփոխություններն առայժմ այսպես են գնահատում ընդդիմադիրները։