Հասարակություն

Մոտ 1000 սիրիահայի ժամանակավոր կացարան է հատկացվել, մոտ 900- ի՝ աշխատանք

Աիդա Ավետիսյան
«Ռադիոլուր»

Այսօր Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոնը կազմակերպել էր « համաձուլման ճամփեքով» խորագիրը կրող համագումար, որի ընթացքում քննարկվել են սիրիահայերի հիմնախնդիրները` բնակարանների ձեռքբերում և աշխատանք ու դրանց լուծման ուղիները: Համագումարի մասնակիցներն անդրադարձել են նաև Քեսաբում տեղի ունեցած իրադարձություններին և նշել, որ անհրաժեշտության դեպքում համալիր ծրագիր կիրականացվի նաև Հայաստան գաղթող քեսաբահայության համար։

2012 թվականից Սիրիայում ընթացքող տևական պատերազմի հետևանքով Հայաստան է գաղթել մոտ 12 հազար սիրիահայ: Բնակարանների  ձեռքբերում ու աշխատանք. սրանք վերջիններիս դեմ  ծառացած առաջնային խնդիրներն են :  2 տարիների ընթացքում մոտ 1000 սիրիահայ ընտանիք դիմել է ժամանակավոր կացարան ձեռք բերելու խնդրանքով: Բազմաթիվ   միջազգային և համահայկական կազմակերպություններ, անհատ ձեռներեցներ  օժանդակել են վերջիններիս` փոխհատուցելով   բնակարանների վարձակալության գումարները, ասում է Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը ու հավելում՝ քանի որ սեփական բնակարան ունենալու խնդիրը կնպաստի, որ սիրիահայերը մշտական բնակություն հաստատեն հայրենիքում, Աշտարակում նախատեսվում է կառուցել  «Նոր Հալեպ» թաղամասը։ Թաղամասի վայրի ու անվան առաջարկը սիրիահայերինն է, նախագծերն  արդեն  պատրաստ են:

Աշխատանքի տեղավորվելու խնդրանքով Սփյուռքի նախարարություն է դիմել 1765 սիրիահայ և արդյունքում կեսից ավելին այսօր, իրենց հավաստմամբ, արդեն աշխատանք ունեն: Գործարար ոլորտին աջակցելու հարցում  ևս քայլեր ձեռնարկվել են,  որոնք կնպաստեն նաև Հայստանի տնտեսության զարգացմանը: Փոքր և միջին բիզնեսով զբաղվողների համար սահմանվել են վարկային արտոնություններ` 12 հազար դոլար վարկ, 4 տոկոսով, հինգ տարի մարման ժամկետում։ «Պետությունը մոտավորապես կես միլիոն դոլարից ավելի գումար է հատկացրել մանր և միջին բիզնեսի ներկայացուցիչներին, որպեսզի իրենց բիզնեսը դնեն»,- ասում է նախարար Հակոբյանը։ Արդյունքում՝ արդեն մոտ 70 բիզնես- ծրագիր է կյանքի կոչվել։

Իսկ դե Քեսաբում տեղի ունեցող իրադարձությունները  այն վերջին կաթիլն էր, որ զգաստեցրեց միջազգային հանրությանը, նշեց Հրանուշ Հակոբյանը և տեղեկացրեց, որ այսօր 22 մարդ գտնվում է թուրքական Վաքըֆ գյուղում  և մեր հանրապետությունը միջազգային Կարմիր խաչին  ներկայացրել է պատանդների ցուցակը` նրանց հետ վերադարձնելու խնդրանքով:  Սփյուռքի նախարարի փոխանցմամբ` աշխատանքներ են տարվում քեսաբահայությանը հայրենի բնակավայր վերադարձնելու ուղղությամբ։

Back to top button