ՀՀ նախագահը հանդիպել է ավշարցիների հետ


Այսօր «ԳեոՊրոՄայնինգ» ընկերության Արարատի ոսկու կորզման գործարան այցելելու ճանապարհին նախագահ Սերժ Սարգսյանը մարզի Ավշար համայնքում հանդիպել է համայնքի այն գյուղացիական տնտեսությունների սեփականատերերի հետ, ում այգեգործական տարածքներն այս տարվա մարտի 30-ից ապրիլի 1-ն ընկած ժամանակահատվածում տեղի ունեցած ուժեղ ցրտահարությունից տուժել են, հայտնում է «Արմենպրեսը»։
Հանրապետության ղեկավարը դաշտում զրուցել է գյուղացիների հետ, լսել նրանց մտահոգությունները: «Մեր խնդրանքն է, որ վարկերի մարումը մեկ տարով հետաձգեն կամ սառեցնեն, որ կարողանանք վնասը փոխհատուցել ու հավելյալ պարտքեր չվերցնենք»,- նախագահի հետ հանդիպումն է ներկայացնում ավշարցի Նարեկ Սարգսյանը` հավելելով, որ նախագահը խոստացել է օժանդակել եւ գյուղացուն մենակ չթողել:
ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից «Արմենպրեսին», հայտնել են, որ նախագահը զրուցել է գյուղացիների հետ, ևս մեկ անգամ ծանոթացել կառավարության կողմից իր հանձնարարությամբ այդ տնտեսություններին հատկացվող պետական աջակցության ծրագրերի իրականացման ընթացքին, տեղում գյուղացիներից լսել նրանց առաջնահերթ խնդիրները, տեղեկացրել հասցված վնասները մեղմելու ուղղությամբ պետության կողմից նրանց համար նախատեսված աջակցության ծրագրերի մասին և որոշակի հանձնարարականներ տվել պատասխանատուներին: