

Կարեն Ղազարյան
«Ռադիոլուր»
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Արարատի ոսկու կորզման գործարանում մասնակցել է «Ալբիոն» նոր տեխնոլոգիակական արտադրամասի բացման հանդիսավոր արարողությանը: Միջոցառմանը մասնակցել են նաեւ ՀՀ-ում ՌԴ արտակարգ եւ լիազոր դեսպան Իվան Վալինկինը, ՌԴ տրանսպորտի նախարար, հայ- ռուսական միջկառավարական հանձնաժողովի ղեկավար Մաքսիմ Սոկոլովը, ներկայացուցիչներ Ռուսաստանի Դաշնությունից։ Հայկական կողմից ներկա են եղել ՀՀ էկոնոմիկայի նորանշանակ նախարար Կարեն Ճշմարիտյանը, կապի եւ տրանսպորտի նախարար Գագիկ Բեգլարյանը, ինչպես նաեւ ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարի պաշտոնակատար Արմեն Մովսիսյանը:
«Ալբիոն» տեխնոլոգիան մշակվել է ավստրալիական «Էքստրատա Տեքնոլոջի» եւ «Կոր Պրոցես Ենջիներինգ» ընկերությունների կողմից: Այս տեխնոլոգիայի միջոցով զգալիորեն մեծանում է մետաղի արտահանումը դժվար կորզվող սուլֆիտային հանքաքարից: Նման հանքաքարերով բավականին հարուստ է Սոթքի հանքավայրը:
Լրագրողների հետ զրույցում ՌԴ տրանսպորտի նախարար, հայ- ռուսական միջկառավարական հանձնաժողովի ղեկավար Մաքսիմ Սոկոլովը նկատեց, որ նոր տեխնոլոգիական արտադրամասի բացումը ամենալավ վկայությունն է հայ-ռուսական հարաբերությունների դինամիկ զարգացման` ինչպես ներդրումային, այնպես էլ առևտրատնտեսական ոլորտներում: «Սա արդեն երկրորդ խոշոր ներդրումային օբյեկտն է, որը բացվում է այս տարի: Դեռ մարտ ամսին բացվեց բժշկական պարագաների գործարանը: Երկու դեպքում էլ դրանք հագեցած են ժամանակակից տեխնոլոգիաներով ու ինովացիան սարքերով: Նախագծի իրականացման դինամիկան ևս խոսում է այն մասին, թե որքան դինամիկ են զարգանում հայ-ռուսական հարաբերությունները»:
«ԳեոՊրոՄայնինգ» ընկերության նախագահ Ռոման Խուդոլեյն իր հերթին լրագրողների հետ զրույցում նշեց, որ ներկայումս աշխարհում գործում է երեք ձեռնարկություն, որտեղ կիրառվում է «Ալբիոն» տեխնոլոգիան: Այդ ձեռնարկություններից երկուսը գտնվում են Իսպանիայում եւ Գերմանիայում: Դրանք վերամշակում են ցինկի սուլֆիտի խտանյութը: Երրորդ նմանօրինակ գործարանը վերամշակում է դժվար կորզվող ոսկու եւ արծաթի խտանյութը: Այդ գործարանը գտնվում է Դոմինիկյան Հանրապետությունումում:
Ստացվում է, որ, ըստ էության, Հայաստանում գործող մեր ոսկու վերամշակման գործարանը կդառնա աշխարհում երկրորդը, որը կկիրառի «Ալբիոն» տեխնոլոգիան, շեշտեց «ԳեոՊրոՄայնինգ» ընկերության ղեկավարը։ «Գործարանը հնարավորություն է տալիս երեք անգամ ավելացնել ոսկու արդյունահանումը` կորզումը հասցնելով 5 տոննայի»։
Նախագահ Սերժ Սարգսյանը շրջեց նորաբաց արտադրամասի տարածքով, ծանոթացավ նորաբաց արտադրամասի պայմաններին: Սոթքի հանքավայրի եւ Արարատի գործարանի արդիականացման համար 2007 թվականից «ԳեոՊրոՄայնինգ» խմբի կողմից կատարած ներդրումների ծավալը գերազանցել է 140 մլն ԱՄՆ դոլարը։