Հասարակություն

Այսօր Հոլոքոստի զոհերի հիշատակի օրն է

Լիլիթ Մուրադյան
«Ռադիոլուր»

Այսօր Հոլոքոստի զոհերի հիշատակի օրն է: Ողջ աշխարհում այսօր հիշատակում են երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ զոհված 6 միլիոն հրեաներին: Հայաստանում հրեական համայնքը այս տարի եւս մոմեր է վառել եւ աղոթք հնչեցրել Հոլոքոստի եւ Հայոց Ցեղասպանության զոհորի հիշատակը հավերժացնող միասնական հուշարձանի մոտ:

Հրեական օրացույցով այսօր՝ ապրիլի 28-ին, Իսրայելում սգո օր է: Ողջ աշխարհում այսօր հարգանքի տուրք են մատուցում Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ հոլոքստի զոհ դարձած 6 միլիոն նահատակների հիշատակին.«Իսրայելում այսօր առավոտյան երկու րոպե տեւողությամբ այս ազդանշանի տակ բոլորը ոտքի են կանգնում, լուռ աղոթելով՝ անմեղ զոհերի հոգու հանգստության համար»:

Դեռ չորս օր առաջ մենք եւս ոգեկոչում էինք 20-րդ դարի պատմության սեւ էջերից մեկի՝ Հայոց Ցեղասպանության 99-րդ տարելիցն ու 1.5 միլիոն նահատակներին: 69 տարի առաջ այս օրն էլ մարդկության դեմ հանցագործությունը կրկնվեց՝ զոհվեց 6 միլիոն հրեա: Չպետք է լռել, չպետք է մոռանալ, այլապես նման հանցագործությունները կկրկնվեն, — 6 միլիոն զոհերի հիշատակը խորհրդանշող 6 մոմ վառելուց հետո ասաց Հայաստանում հրեաների հոգևոր առաջնորդ Գերշ Մեր Բուրշտեյնը՝ հավելելով. «Թվում է թե, այս իրադարձություններից տարիներ են անցել, եւ տարիների հեռավորությունը պիտի ստիպի մոռանալ այս հանցագործությունը: Պետք է արդյոք մոռանալ Հայոց Ցեղասպանությունը որը մենք հիշեցինք մի քանի օր առաջ, կամ հրեաների հոլոքոստը, որն ավելի քան 60 տարի սգում է հրեա ազգը… ոչ սա չի կարելի մոռանալ, եւ զոհվածների հիշատակը ոչ միայն չի նվազում, այլ ավելի է ուժեղանում»:

Հայաստանն այն վայրն է որտեղ արդեն 1500 տարի ապրել եւ ապրում են հրեաները, հայն այն ազգն է, որը չի տառապում հակասեմիտիզմ կոչվող հիվանդությամբ, ասաց Հոգեւոր առաջնորդ Բուրշտեյնը, ընդգծելով՝ «Ես իմ կողմից դատապարտում եմ Իսրայելի կառավարությանը, որ մինչ օրս չի ճանաչել Հայոց Ցեղասպանությունը: Երբ Իսրայելի գլխավոր Ռավին Մեծգերը Հայաստան էր այցելել, նա ասաց, որ մեծ տարբերություն կա բարոյականության եւ քաղաքականության միջեւ: Մարդը չպետք է քաղաքական շահը ավելի բարձր դասի բարոյականությունից»:

Հայաստանում հրեաների միության նախագահ Ռիմա Վարժապետյանի խոսքով՝ Ցեղասպանության և Հոլոքոստի հետևանքով սպանվածների թիվը միայն 1.5 կամ 6 մլն չէ, այլ շատ ավելին, քանի որ բոլոր սպանվածների սերունդներն ու նրանց սերունդները չծնվեցին, բայց կարող էին ծնվել:

«Մենք շնորհակալ ենք Գերմանիային , որովհետեւ նրանք մարդասիրություն ցուցաբերեցին՝ ընդունելով ու ճանաչելով այդ ողբերգությունը, նրանք ամեն ինչ արեցին, որպեսզի հրեաները շարունակեն իրենց գոյությունը, ապրեն։ Նույնը իհարկե ուզում եմ մաղթել հայերին, որպեսզի ողջ աշխարհը եւ առաջին հերթին Թուրքիան ճանաչեն Հայոց ցեղասպանությունը: Մենք ՝ հրեական համայնքն անում է ամեն ինչ, ոպեսզի դա իրականություն դառնա»:

Back to top button