ԱԺ- ն կրկին փոխեց հաշվիչ հանձնաժողովի ձեւավորման կարգը


Լուսինե Վասիլյան
«Ռադիոլուր»
Հերթական նիստի ավարտից հետո խորհրդարանն այսօր նաև արտահերթ նիստ է հրավիրել. օրակարգային միակ հարցը ԱԺ ժամանակավոր հաշվիչ հանձնաժողովի ձևավորման կարգում փոփոխություն նախատեսող որոշման նախագիծն էր։ Խորհրդարանական մեծամասնության այս նախաձեռնությունը, ըստ էության, արձագանքն էր այն իրավիճակի, որն այսօր ստեղծվեց խորհրդարանում հաշվիչ հանձնաժողովի գործունեության շուրջ: Խորհրդարանական 6 խմբակցություններից 5-ը, հիշեցնենք, հայտարարեցին հանձնաժողովի աշխատանքին մասնակցելուց հրաժարվելու մասին՝ ըստ էության փակուղու առջև կանգնեցնելով օրենսդիրի աշխատանքը:
Ներկայացված որոշման նախագծով խորհրդարանական մեծամասնությունն առաջարկել է փոխել հաշվիչ հանձնաժողովի ձևավորման կարգը. անդամների թիվը դարձնել 13՝ գործող 11-ի փոխարեն, իսկ ՀՀԿ-ի տեղերի քանակը 7՝ գործող 5-ի փոխարեն:
Ոչ իշխանական խմբակցություններն առաջարկը խաղի կանոնների խախտում և ԱԺ կանոնակարգին հակասող են համարել: Մեծամասնության հիմնավորմամբ՝ փոփոխության նպատակը ԱԺ բնականոն աշխատանքի ապահովումն է:
Հաշվիչ հանձնաժողովի ձևավորման նոր կարգ սահմանող որշման նախագիծն ընդունվել է ձայների 68 կողմ, 1 դեմ հարաբերակցությամբ: Քվեարկությանը մասնակցել են միայն Հանրապետական խմբակցության պատգամավորները: