Մշակույթ

Պատերազմի վկան. Լեւոն Գրիգորյան

Ալիսա Գեւորգյան
«Ռադիոլուր»

Լևոն Գրիգորյան. ռուսական առաջին հեռուստաալիքի թղթակից-օպերատորը Հայաստանում: Աշխատել է «Հայֆիլմ» կինոստուդիայում, ապա Հայկական  հեռուստաընկերությունում որպես  օպերատոր: Արցախյան պատերազմի տարիներին եղել է ամենատարբեր թեժ կետերում, պատերազմի վավերագրությունը հանձնել ժապավենին: Միջազգային հանրությունն այն տարիներին նաև Լևոն Գրիգորյանի նկարահանումների շնորհիվ էր տեղեկանում, թե իրականում ինչ է տեղի ունենում Արցախում և Հայաստանում: Ռադիոլուրի հեղինակային շարքի հերթական հերոսը Լևոն Գրիգորյանն է։

 

«Երբ շարժումը սկսեց, աշխատում էի հեռուստաընկերությունում (այն ժամանակ դեռ միակ) և նկարահանում էի այն, ինչ կատարվում էր Երևանի Ազատության հրապարակում: Շարժման սկզբնական շրջանում իմ ամենամեծ ցանկությունն էր այստեղ տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ տեղեկատվությունն ինչ- որ կերպ դուրս հանել, որպեսզի մարդիկ իմանան, թե իրականում ինչ է կատարվում Հայաստանում և Արցախում: Ի վերջո՝ ճշմարտությունը պետք է տեղ հասներ և դա ինձ, կարելի է ասել, հաջողվեց»,- պատմում է օպերատոր Լեւոն Գրիգորյանը:

Ավելի ուշ, երբ ձևավորվում էին կամավորական ջոկատները, նա որոշեց նրանց հետ մեկնել Արցախ կռվելու, բայց այնտեղ հասկացավ, որ մարդ սպանելն իր  համար բարդ գործ է: Վերադարձավ ու  Արցախ մեկնեց իր զենքով՝ տեսախցիկով։ «Տեսախցիկով  «կռվելը», ի դեպ, ավելի դժվար էր, որովհետև զենքով գոնե տեսնում ես՝ ինչ ես անում: Այնտեղ կային  կռվող աղջիկներ, ովքեր սկզբում ծիծաղում էին, ասում՝ ի՞նչ տղամարդ ես, դրա փոխարեն հրացան վերցրու,  բայց հետո, երբ միասին անցնում էինք նույն ճանապարհը, նրանք տեսնում էին, որ զենքով շարժվելն ավելի քիչ վտանգավոր է, քան տեսախցիկով շարժվելը ու ներողություն էին խնդրում սխալ կարծիքի համար:  Այդ պահին այնքան էլ կարևոր չէր, թե ով ինչ է անում, կարևորն այն էր, որ յուրաքանչյուրս ինչ որ կերպ օգտակար լինեինք մեր հայրենիքին։

Սկզբում մեկնեց Գետաշեն և Շահումյան, երիտասարդական ավյունով ուզում էի լինել ամենաթեժ կետերում։ Իսկ Շահումյանն այդ ժամանակ շրջափակման մեջ էր: «Տեսել եմ, թե ինչպիսի սպանդ է այնտեղ կատարվում: Մենք նկարում էինք ու ուղարկում Մոսկվա, որովհետև այն ժամանակ դեռ հավատում էինք, որ Մոսկվան պետք է մեր խնդիրները լուծի»,-պատվում է Գրիգորյանը:

«Գրադ կայանների մասին ես միայն լսել էի, իսկ այնտեղ տեսա նրա սարսափելի ուժը: Գրադի պայթյունից երկաթգիծը պարզապես ցանցի էր վերածվել, պատկերացրեք դրա ահռելի ուժը ու մարդիկ շրջափակման մեջ գիշեր-ցերեկ լսում են այդ պայթյունները:  Շահումյանում մի ընտանիքում էինք,  հաց պիտի ուտեինք ու մեզ ասացին, որ զգույշ լինենք, որովհետև կարող է սկսվել ռմբակոծությունը: Ու մեկ էլ տեսնում ենք՝ այստեղ պայթեց, այնտեղ պայթեց, բայց  մարդիկ հանգիստ նստած հաց են ուտում: Հարցնում եմ՝ նկուղ չկա՞, գոնե նկուղ մտնենք: Ասում են ՝ օգուտ չկա, որ այստեղ պայթեց, նկուղը չի օգնի, բախտի բան է, բախտդ բերի՝ ողջ կմնաս, չի բերի՝ կմահանաս: Ու այս ամենն ասվում է հոմորով: Այսպես էլ ապրում էին մարդիկ՝ բախտի քմահաճույքից կախված: Մի քանի օր անց մենք էլ սովորեցինք այդ վիճակին»։

Լեւոն Գրիգորյանը հիշում է մի դրվագ, որն այս պատերազմում իր համար, թերևս, լավագույն դասն է եղել։ «Աղդամի կողմից շատ ծանր հարձակում էր սպասվում: Այդ ժամանակ ես  առաջին անգամ հանդիպեցի Սերժ Սարգսյանին, ով ղեկավարում էր մեր զինված ջոկատները: Նկարահանող խմբով փորձեցինք մոտենալ նրան, իսկ նա հրաժարվեց մեկնաբանություններից՝ նշելով, որ իրավիճակն իսկապես շատ լարված է: Այդ ժամանակ առաջին գծում ամենափորձառու զինվորականներն էին, երկրորդ գծում՝ միջին պատրաստվածությամբ մարդիկ, իսկ երրորդ գծում պարզապես երիտասարդներ, որոնք ոչ մի փորձառություն չունեին: Մենք իմացանք, որ ադրբեջանցիներն անցել են առաջին գիծը, հաղթահարել են նաև երկրորդը: Բոլորը համոզված էին, որ  երրորդ գիծը պարզապես չի կարող դիմանալ այդ ճնշմանը և ամեն ինչ կորած է: Այնտեղ սպանդ էր տեղի ունենում, անընդհատ բերում էին մեր վիրավորներին: Ու հանկարծ պարզվում է, որ երրորդ գծի մեր տղաները կասեցրել  են գրոհն ու ետ շպրտել ազերիներին։ Այդ անփորձ ջահելները այնպիսի կռիվ էին տվել այնտեղ, այնպիսի ամուր պատ էին ստեղծել, որ բոլորն ապշած էին մնացել:   Որևէ մեկը նման բան չէր սպասում: Սա ինձ համար մեծ դաս էր,- ասում է Գրիգորյանն ու հավելում,- իհարկե չէի ցանկանա նորից պատերազմ լիներ, բայց շատ կցանկանայի, որպեսզի նույն  հարաբերությունները լինեին այսօր ու մարդիկ կարողանային իրար սիրել այնպես, ինչպես այն  օրերին: Պետք է անընդհատ պատերա՞զմ լինի, որ մարդիկ միմյանց լավ վերաբերվեն»,-ասում է զրուցակիցս, ում համար, ինչպես ասում է, չափազանց  բարդ  է այսօրվա  հարաբերությունները հասկանալն ու մեկնաբանելը։

 

Back to top button