Քաղաքական

Ո՞ւմ խոսքն է վճռորոշ լինելու սահմանադրական փոփոխություններում՝ իրավագետների՞նը, թե՞ քաղաքական գործիչներինը

Լուսինե Վասիլյան
«Ռադիոլուր»

Ի՞նչ է առաջարկում սահմանադրական բարեփոխումների հայեցակարգը, որո՞նք են Սահմանադրության մեջ ծավալուն փոփոխություններ նախաձեռնելու հիմնական շարժառիթները, որքանո՞վ է հասունացած այդ  անհրաժեշտությունը.  այս հարցերին այսօր անդրադարձել է Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի անդամ Գևորգ Դանիելյանը:  Ըստ նրա ՝ առաջարկվող փոփոխությունները ժամանակվրեպ չեն  և անհրաժեշտ են, իսկ խնդիրը ոչ միայն Սահմանադրության   բարելավումն է, այլ  նաև քաղաքական ու իրավական  համակարգերն առավել կանխատեսելի դարձնելը։

Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի նախագիծը մշակած մասնագիտական խմբի անդամներից Գևորգ Դանեիլյանը հիմնավոր չի համարում այն մոտեցումը, թե  բարեփոխումների անհրաժեշտությունն այս փուլում հասունացած չէ: Նախ՝ կարծում է , որ տասնամյա ընդմիջումն օպտիմալ  ժամանակահատված է փոփոխություններ նախաձեռնելու համար, համոզված է, որ Սահմանդրության մեջ ճշգրտման կարիք ունեցող բազմաթիվ դրույթներ կան, բայց, ամենակարևորը, կարծում է, որ սահմանադրական կամ քաղաքական ճգնաժամերի ժամանակ Սահմանադրության բարեփոխում նախաձեռնելը իրավիճակային լուծում կլիներ։ «Իրավիճակային որևէ լուծում հաջողություն ունենալ չի կարող: Քաղաքական պրակտիկան էլ  է  ցույց է տալիս, որ բոլոր այն դեպքերում, երբ սահմանադրական բարեփոխումները հաջորդում կամ զուգակցվում են ճգնաժամերին, հաջողություն չեն բերում,  անկայուն են ու կարճ ժամանակ անց վերանայման ենթակա»։

Այլ բան, երբ ոչ թե իրավիճակային լուծումներ են տրվում, այլ կանխատեսումների հիման վրա առաջարկներ են ներկայացվում,  թե քաղաքական ու իրավական համակարգերը ինչ փոփոխության կարիք ունեն, որպեսզի ավելի կանխատեսելի դառնան: Գևորգ Դանիելյանի խոսքով՝ հենց դա էլ արել է հանձնաժողովը: Ինչ վերաբերում է գնահատականներից մյուսին, թե այս փուլում Հայաստանում շատ ավելի հրատապ ու լուծում պահանջող խնդիրներ կան, ապա կարծում է, որ սահմանադրական փոփոխություններն այդ խնդիրների լուծմանն առնվազն  չեն խոչընդոտելու, ասում է նաև, որ դրանք չեն փորձելու լուծել առկա բոլոր խնդիրները։ «Մենք հայեցակարգում շատ հստակ ու պատասխանատու կերպով նշել ենք. այսօր ունենք Սահմանադրության բարելավման անհրաժեշտություն, ընդ որում՝ ոչ միայն տեքստի,  այլև հայեցակարգի , ապա իրավիճակի բարելավումը  պայմանավորված չէ միայն իրավական լուծումներով, խնդիրներ  ունենք իրավական ու քաղաքական մշակույթում»։։

Ամենաքննարկվողը հայեցակարգի կառավարման համակարգին  վերաբերող առաջարկներն են: Հանձնաժողովի անդամները հնարավոր  լուծում են համարում անցումը կառավարման խորհրդարանական մոդելին: Գևորգ Դանիելյանն ասում է, որ առաջարկը  ներկայացվել է ոչ թե որպես եզակի, այլ որպես այլընտրանքային լուծում, որը, ի դեպ,  հանձնաժողովի ներսում լայն տարաձայնություններ է առաջացրել: Հանձնաժողովը համոզված է մեկ հարցում, գործող մոդելը էական վերանայման կարքի ունեի։ «Եթե անգամ մի պահ հասկանանք, որ հանրությունը պատրաստ չէ, չի ընդունում անցումը խորհրդարանական մոդելի, ապա մենք կարող ենք անցնել գործող տարբերակին, բայց էական վերանայումների պայմանով: Այսինքն՝ նույն համակարգը պահելը նպատակահարմար չենք համարում»։

Ինչ վերաբերում է  ընտրական համակարգին, ապա հանձնաժողովը համոզված է այն հարցում, որ  ընտրակարգը  պետք է ամրագրվի Սահմանադրույթյամբ և ոչ թե թողնվի ընթացիկ օրենսդրությանը: «Հանձնաժողովը կողմնակից է ամբողջությամբ համամասնական ընտրակարգին: Այսինքն՝ եթե  լուրջ վերնայումներ չլինեն, մենք կհրաժարվենք մեծամասնական ընտրակարգից»։

Ի դեպ՝ վերանայումների չափի մասին: Թե ներկայացված նախնական տարբերակից որքանով տարբերվող  վերջնական տարբերակ կունենանք, ցույց կտան քննարկումները: Գևորգ Դանիելյանի դիտարկմամբ ՝ կարևոր է նաև հարցը, ում խոսքն է վճռորոշ լինելու ՝ իրավագետների՞նը, թե՞ քաղական գործինչներինը։ Հարցն այնքան էլ պարզունակ չէ, քանի որ սահմանադրական նորմերը միայն քաղաքական կամ միայն իրավական չեն: «Իմ դիրքորոշմամբ՝  փաստաթուղթն իրավական է եւ պատրատվում է մասնագետների կողմից, բայց կան հարցեր, օրինակ՝ կառավարման ձեւերի առնչությամբ, որտեղ քաղաքական գործիչների կարծիքը կարևոր է , բայց ոչ՝ վճռորոշ»։

Թե ինչ չափով նախագիծը փոփոխությունների կենթարկվի, պարզ կդառնա առաջիկա երկու ամիսներին։ Այդ ընթացքում հանրային ու մասնագիտական քննարկումներ կլինեն, իսկ դրանց արդյուքներով հանձնաժողովը մինչև հունիսի 30-ը հայեցակարգի վերջնական նախագիծ կներկայացնի։

Back to top button