ԿարևորՔաղաքական

Առանց հայ ազգային գաղափարախոսության ոչինչի չենք կարող հասնել, քննարկում ՊՆ- ում

Հասմիկ Դիլանյան
«Ռադիոլուր»

Պաշտպանության նախարարության վաչական համալիրում տարբեր կառույցների, շահագրգիռ կողմերի ներկայացուցիչներն այսօր շուրջ երեք ժամ մասնակցել են «Քայքայիչ պաշտամունքները և փողոցային արատավոր բարքերը որպես պաշտպանունակության սպառնալիք» թեմայով գիտագործնական կոնֆերանսին: Մասնակիցները շահագրգիռ տարբեր կողմերի ներկայացուցիչներն էին: Նրանք հավաքվել էին՝ հասկանալու և լուծումներ գտնելու Զինված ուժերում տարածված արատավոր այս երևույթների դեմ պայքարում:

ՊՆ մարշալ Արմենակ Խամփերյանցի անվան ռազմական ինստիտուտի պետ, գնդապետ Դանիել Բաբայանը վստահ է՝ արատավոր երևույթներն ընդհանրապես չպետք է հասնեն Զինված ուժեր, բացասական բարքերը մետաստազներ են, որոնք հայտնվում են մի մարմնում, զարգանում ու քայքայում այդ մարմինը։

Ազգագրագետ Հրանուշ Խառատյանի դիտարկմամբ՝ արժանապատվության և նվաստացման կորուստի ենթարկված ընտանիքներից են ծառայության մեկնող երիտասարդների մի մասը։ «Բյուրոկրատական ապարատը և մեր հանրային գիտակցությունը մարդու հետ հարաբերվելու մշակված, դաստիարակված պատասխանատվության կերպը չունի: Մարդը նվաստացվում է հենց առաջին բախման ժամանակ՝ պետություն, իշխանություն, վարչական ապարատ , աշխատատեղ, հենց առաջին բախման ժամանակ»,- նկատում է ազգագրագետը։

«Պետք է պարզապես կույր լինել՝ չնկատելու համար ջանքերը, որոնք իրականցվում են Զինված ուժերում»,- ասում է Գրականության ինստիտուտի փոխտնօրեն, գրականագետ Գևորգ Դևրիկյանն ու խոստովանում՝ այսօր բանակն ավելի բաց է հասարակության առաջ, քան հասարակությունն ինքն է կարողանում ընկալել, քանի որ հասարակությունը բանակի մասին դատում է իր ստացած գրանտներով, արտասահման գնալու ըմբռնումներով: Բայց ոչ ոք չի ուզում գնալ բանակ, գործող դիրքերը, սեփական աչքով տեսնի ու հասկանա, թե իրական վիճակն ինչպիսին է, իսկ հենակետեր չեն գնում, քանի որ ամեն դեպքում դիրքեր գնալը Ստրասբուրգ կամ Բրյուսել գնալ չի»։

Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը դժվարություններից ու վտանգներից չի վախենում, այսօր, սակայն, խոստովանում է՝ վախենում է, երբ մտածում է, թե ինքնասպանության փորձ կատարած աղջկա սիրելի երիտասարդն ինչ հոգեվիճակում կարող է հայտնվել ծառայության ընթացքում, չի ուզում անգամ մտածել, թե ինչ կլինի, եթե մարտական դիրքերում ինքնաձիգը հայտնվի սատանայապաշտ որևէ երիտասարդի ձեռքում։

ՊՆ մարշալ Արմենակ Խամփերյանցի անվան ռազմական ինստիտուտի պետ, գնդապետ Դանիել Բաբայանը հիշեցնում է՝ հայ ժողովրդի հիմքը, հույսը հայոց բանակն է, իսկ խնդիրների մի մասը պարզապես չեն լինի, եթե ազգային գաղափարախոսություն ներդրվեր։ «Հայ ազգային գաղափարախոսությունը պետք է ներդրվի մեր երիտասարդների, մեր մանուկների զարգացման, դաստիարակման գործընթացում։ Առանց հայ ազգային գաղափարախոսության մենք ոչինչի չենք կարող հասնել, սա պետք է լինի մեր պետության ամրության հիմքը»,- ասում է Դանիել Բաբայանը։

 

 

Back to top button