Վարչապետը ներկայացրել է առողջապահության և քաղաքաշինության նորանշանակ նախարարներին


Հասմիկ Դիլանյան
«Ռադիոլուր»
Շնորհակալություններ, փոխադարձ ջերմ խոսքեր, նոր աշխատանքների խոստումներ ու նախկին ղեկավարներին չմոռանալու հորդոր վարչապետ Աբրահամյանից: Կառավարության ղեկավարն այսօր առողջապահության ու քաղաքաշինության նախարարությունների աշխատակազմերին է ներկայացրել նորանշանակ նախարարներ Արմեն Մուրադյանին ու Նարեկ Սարգսյանին: Առողջապահության արդեն նախկին նախարար Դերենիկ Դումանյանն այսօր խոստովանել է՝ շատ մեծ ցանկություն ուներ, որ իր ղեկավարած ոլորտն ամենաօրինակելին լինի: Հովիկ Աբրահամյանն ի դեպ վստահեցրել է՝ նոր կառավարությունը լիովին ձևավորված կլինի Սահմանադրության սահմանված ժամկետներում: Հիշեցնենք, մայիսի երեքը նոր կառավարության ձևավորման վերջին օրն է:
Նոր վարչապետ՝ նոր կառավարություն՝ նոր դեմքեր, Տիգրան Սարգսյանի հրաժարականից ու Հովիկ Աբրահամյանի նշանակումից հետո իշխող հանրապետականից նման խոստումներ հնչեցին: Մինչ այժմ նշանակված երեք նոր նախարարներից միակը թերևս, այսպես ասենք, անծանոթը առողջապահության նորանշանակ նախարար Արմեն Մուրադյանն է: Նրան, համենայնդեպս հանրությունը, որևէ պաշտոնում, բացի Իզմիրլյան բժշկական կենտրոնի տնօրենից, չի հիշում: Արմեն Մուրադյանը խոստացված նոր դեմքերից առաջինն է: Նրան այսօր իր նոր աշխատասենյակն ու աշխատողներն էին սպասում: Նոր նախարարին ներկայացրեց վարչապետ Հովիկ Աբրահամյանը, կառավարության ղեկավարն ընդգծում է՝ Արմեն Մուրադյանը նախարար է նշանակվել ՀՀ նախագահի հրամանագրով ու վարչապետի առաջարկությամբ: Նոր նախարարից ակնկալիքները մեծ են.«Ոլորտում մենք մեծ անելիքներ ունենք, գիտակցում եք, որ ունեք խնդիրներ պրոբլեմներ, և միասին ամեն ինչ պետք է անենք, որ այդ խնդիրները տալ լուծում»:
Նոր վարչապետը հին նախարարի աշխատանքից գոհ է, վստահեցնում է՝ Դերենիկ Դումանյանն ապագայում աշխատանք կունենա: Արդեն նախկին նախարարը նախկին կոլեկտիվից խնդրեց նույն ոգով շարունակել աշխատել նոր նախարարի հետ: Դերենիկ Դումանյանը խոստովանում է՝ «Շատ մեծ ցանկություն ունեի, որ առողջապահության ոլորտն ամենաօրինակելին լիներ»:
Առողջապահության նոր նախարար Արմեն Մուրադյանը ՀՀ նախագահից ու վարչապետից շնորհակալ է վստահության համար, գիտակցում է աշխատանքի կարևորությունն ու խոստանում.«Ուժ ու եռանդ չեմ խնայելու այդ աշխատանքները իրականացնեմ ամբողջ ծավալով»:
Վստահության համար ՀՀ նախագահից ու վարչապետից շնորհակալ է նաև Նարեկ Սարգսյանը: Հենց նա է քաղաքաշինության նոր նախարարը: Նարեկ Սարգսյանը նոր է նախարարի պաշտոնում, բայց ոչ՝ նախարարության շենքում: Նրան այստեղ և ոչ միայն բոլորն են ճանաչում: Քաղաքաշինության նախկին փոխնախարար, Երևանի նախկին գլխավոր ճարտարապետ, արդեն մի քանի օր կառավարությանն առընթեր ճարտարապետական կոմիտեի նախկին նախագահ Նարեկ Սարգսյանն ընդգծում է՝ կոլետիվը հիմնականում պրոֆեսիոնալներից է բաղկացած:
Քաղաքաշինության նախկին նախարար Սամվել Թադևոսյանից արդեն նախկին կոլեկտիվի անդամները խնդրում են իրենց չմոռանալ, նրանց այս հայտարարությանն էլ հետևում է վարչապետի դիտարկումը.«Կարևորը դուք չմոռանաք, թե չէ մեզ մոտ ավանդույթ կա, պաշտոնից հանում են, մոռանում են նախկին ղեկավարներին»:
Առջևում հինգ աշխատանքային օր և ինը նշանակում է սպասվում կառավարության ղեկավարին: Մինչև մայիսի երեքը Հովիկ Աբրահամյանի կառավարությունը պետք է ձևավորված լինի: Հաջորդ շաբաթ հանգստյան օրերը շատ են լինելու, աշխատանքային շաբաթն ընդամենը երեք աշխատանքային օր է ունենալու: Հովիկ Աբրահամյանը անհանգստությունները փարատում է՝ ժամեկտը չեն խախտի, Սահմանադրությունը՝ նույնպես. «Աշխատանքային օրերին կնշանակենք, համոզված եղեք, Սահմանադրությունը չենք խախտի»: