Քաղաքական

Սահմանադրական բարեփոխումներն այսօր պակաս հրատապ են, ասում են փորձագետները

Լուսինե Վասիլյան
«Ռադիոլուր»

Հայաստանում արդյո՞ք հասունացել է սահմանադրական բարեփոխումների անհրաժեշտությունը,  որո՞նք են նման ծավալուն փոփոխոություններ առաջարկելու շարժառիթները , վերջապես ի՞նչ լուծումներ են առաջարկվում և որքանով են դրանք նպատակահարմար հայաստանյան իրողություններում. այս հարցերն այսօր փորձագիտական պատասխաններ են ստացել  «Մեդիա կենտրոնում» կազմակերպված քննարկման ժամանակ:

Քաղաքագետ Ալեքսանդր Մարկարովը համոզված է, որ սահմանադրական բարեփոխումների անհրաժեշտությունն այս պահին նույնքան հիմնավորված չէ, որքան 2005-ին: 10 տարի առաջ Սահմանդրության մեջ փոփոխություններ կատարելը, ըստ վերլուծաբանի, ոչ թե խնդիր էր, այլ` անհրաժեշտություն, այս փուլում կարծես հակառակն է։ «Այն բանավեճը, որը եղել է 2005-ին քաղաքական ու փորձագիտական շրջանակներում, եղել է ավելի հիմնավորված: Այս երկու տեսանկյուններից դիտարկելիս՝ տեսնում ենք, որ  սահմանադրական բարեփոխումներն այսօր պակաս հրատապ են»,- ասում է։

Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի փորձագետ Աշոտ Խուրշուդյանը նույնպես այն կարծիքին է, որ  սահամանադրական բարեփոխումների անհրաժեշտությունն այս փուլում առնվազն  հանրությանը բացատրված չէ: Սա, ըստ փորձագետի , չի նշանակում, թե Հայաստանում  խնդիրների պակաս կա: Դրանք բազմաթիվ են, բայց մինչև լուծումներն առաջարկելը նախ ախտորոշում է հարկավոր։ «Մենք ունենք բազմաթիվ խնդիրներ: Այո, ՀՀ ժողովրդավարությունը, մարդու իրավուքները, մարդու արժանապատվությունը, կառավարման արդյունավետությունը խնդիրներ են, բայց դրանք սահմանադրական բարեփոխումներով այսպես միանգամից, առանց ախտորոշման, առանց հասկանալու, թե ինչ պետք է անել, չեն լուծվի, որովհետև մինչև այդ վիրաբուժությունը, այնքան բան կարելի է անել: Եթե կա կամք, ապա  դա կարելի է անել առանց սահմանադրական բարեփոխումների, եթե չկա կամք, այդ բարեփոխումներն անելով էլ ոչինչ չի փոխվի»:

Փորձագետի կարծիքով՝ քննարկման ներկայացված փաթեթը հերթական անգամ խոսում է հայաստանյան քաղաքական մշակույթի առանձնահատկություններից մեկի մասին. լուծումներ են առաջարկվում առանց խնդիրները ձևակերպելու կամ այդ  մասին խոսելու։

Ինչ վերաբերում է փաստաթղթի  բովանդակաությանը, ապա փորձագետների կարծիքն այս հարցում որոշ տարբերություններով կրկին համընկնում էր: Սահմանադրական իրավուքնի մասնագետ Արման Մազմանյանը կարծում է, որ փաստաթղթի առանցքը կառավարման մոդելին վերաբերող առաջարկներն են։ Մասնագետը կարծում է, որ առաջարկվող խորհրդարանական մոդելը նոր հնարավորություններ խոստանում է, բայց հնարավոր վտանգներն ավելի շատ են: Նրա տպավորությամբ՝ բարեփոխումների հայեցակարգը կառուցված է « հաղթողը վերցնում է ամեն ինչ» սկզբունքի վրա: Որպես օրինակ մասնագետը հղում է այնում հայեցակարգի կայուն մեծամասնության մասին դրույթներին կամ այն ձևակերպմանը, որ ընտրական համակարգի հիմնական նպատակը խորհրդարանում մեծամասնություն ապահովելն է։ «Ժողովրդավարության տեսանկյունից սա  ոչ թե  վիճարկելի, այլ թույլ ու խցելի ձևակերպում է, որը վկայում է նրա մասին, որ  հայեցակարգի նպատակը « հաղթողը վերցնում է ամեն« սկզբունքը ոչ թե ներդնել, այլ պաշտպանել մեր քաղաքական համակարգում»։

Ալեքսանդր Մարկարովը, խոսելով կառավարման խորհրդարանական մոդելին անցնելու առաջարկի մասին, հարկ է համարում հիշեցնել, որ կառավարման այս կամ այն մոդելի նպատակահարմարությունը փոխկապակցված է մի շարք այլ բաղադրիչների հետ, որոնք բնութագրում են պետությունը որպես քաղաքական համակարգ։ «Կառավարման խորհրդարանական մոդելը տարբեր կուսակցական ու ընտրական համակարգերի, քաղաքական ավանդույթների պայմաններում տարբեր պտուղներ է տալիս»։ Կամ այլ ձևակերպմամբ ՝ փոփոխականների հետ քաղաքականության մեջ կարելի է խաղալ ու դրանց տարբեր համադրություններով խաղի տարբեր կանոններ սահմանել։

Թե ինչ կանոններ է փորձում սահմանել այս հայեցակարգը փորձագետներից Աշոտ Խուրշուդյանն առայժմ լավ չի պատկերացնում: Նրա կարծիքով ՝ փաստաթուղթը գիտական ու ակադեմիական տեսանկյուններից լուրջ հակասություններ կամ առնվազն հարցեր է առաջացնում, որոնք պարզաբանում են պահանջում։

Back to top button