ԿարևորՏնտեսական

Նախորդ կառավարությունը տնտեսական ձախողումներ չի ունեցել, ասում է ՀՀԿ- ական պատգամավորը

Լենա Բադեյան
«Ռադիոլուր»

Այս տարվա առաջին եռամսյակում արդյունաբերության ոլորտում աճի բացակայությունը ոչ նախորդ կառավարության ձախողումն է, ոչ էլ արդեն պաշտոնանկ արված Էկոնոմիկայի նախարար Վահրամ Աթանեսյանի անգործության արդյունքը: ԱԺ պատգամավոր, ֆինանսավարակային եւ բյուջետային մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը հանրապետական պաշտոնյաներին, ամեն դեպքում, չի քննադատում։ «Ես համոզված եմ, որ նախորդ կառավարությունը տնտեսական ձախողումներ չի ունեցել: Նման ձեւակերպումները իրականությանը չեն համապատասխանում, ուղղակի զարգացումների նոր փուլում, նոր լուծումներ են անհրաժեշտ եւ այդ նոր լուծումները պահանջում են նոր կադրեր»,- ասում է պատգամավորը։

Արդեն նշանակված նախարարների մեջ, ընդամենը երկու նոր անուն կա, մնացածը` նախկինում պաշտոնավարածներն են: Որքանով է նպատակահարման այս դեպքում խոսել նոր կադրերի մասին: «Նրանք բոլորը, ըստ էության, եղել են անդամները այն կառավարության, որը ղեկավարել է լուսահոգի վարչապետ, ՀՀԿ նախագահ Անդրանիկ Մարգարյանը եւ այս առումով հետեւողականությունը ու շարունակականությունը ակնհայտ է: Ինչ վերաբերում է նոր նախարարներին, ես ենթադրում են, որ նրանք եւս կհամալրեն այն թիմը, որը կարող է լուծել այն մարտահրավերները, որի առաջ այսօր կանգնած է մեր տնտեսությանը»:

Իսկ մարտահրավերներից ամենակարեւորն ու առաջնայինը, թերեւս, կենսաթոշակային բարեփոխումների խնդիրն է:  Գագիկ Մինասյանը տարակուսում է, թե կենսաթոշակայինի հետ կապված ընդվզումը ինչու է սկսվել հենց այս պահին: Նշում է, որ երեք տարի առաջ է ընդունվել օրենքը, ժամանակ եղել է վերլուծելու եւ բողոքները ներկայացնելու։ Համոզված է՝ եթե կուտակայինի հետ կապված ընդվզումները ավելի շուտ լինեին, խնդրի լուծումը այլ կերպ հնարավոր կլիներ գտնել:

Պատգամավորն այսօր հավաստիացրեց, որ ապրիլի 28-ից մեկնարկող ԱԺ առաջիկա քառօրյայի հենց առաջին օրվա օրակարգում ընդգրկվելու է կենսաթոշակային բարեփոխումների խնդիրը։ «Վարչապետի կողմից ստեղծված աշխատանքային խումբը պետք է ԱԺ ներկայացնի փոփոխություններ այդ օրենքում, որոնք ուղղակիորեն բխում են ՍԴ հայտնի որոշումից, որոնք պետք է թույլ տան մինչեւ սեպտեմբերի 30 ընկած ժամանակի համար բերել օրենքը այն իրվաիճակին, որը թույլ կտա հանել բոլոր այն խնդիրները, որոնք հասարակության մոտ առկա են այս հատվածի հետ կապված: Հետագայում` մինչեւ սեպտեմբերի 30- ը, բնականաբար, եւս լրացումներ ու փոփոխություններ կկատարենք այդ օրենքում, որպեսզի այն ամբողջականորեն բավարարի ՍԴ որոշումներին եւ լինի առավել ընդունելի հասարակության առավել լայն շերտերի համար:

Ինչ վերաբերում է քաղաքական դաշտի վերադասավորումներին, ապա կոալիցիայի տրոհումը մեծ կորուստ չէր` խորհրդարանում մեծամասնության առումով: Հանրապետականը ԱԺ-ում շարունակում է մնալ մեծամասնություն` պահպանելով 70 տեղ: «Դա կեսից ավելին է, քվորումից ավելին է: 66 ձայնը բավարար է, որպեսզի մենք կարողանանք ապահովել եւ քվորում, եւ մեծամասնություն քվեարկությունների ժամանակ: Սակայն, մեզանից այս իրավիճակը պահանջում է առավել կազմակերպված աշխատանք: Առավել քան համոզված եմ, որ կառավարության գործունեության ծրագիրը, որը կբերվի խորհրդարան, կհաստատվի: Կհաստատվի նաեւ նախորդ տարվա բյուջեի կատարողականը»։

Խորհրդարան ներկայացված փաստաթղթերի քանակից Գագիկ Մինասյանը ենթադրում է, որ գարնանային նստաշրջանի ընթացքում ԱԺ- ն կգումարի մի շարք արտահերթ նիստեր։ Ներքաղաքական վերադասավորումների առումով Ռոբերտ Քոչարյանի գնահատականներին հանրապետականները հանգիստ են վերաբերվում, թեեւ կարծիքներն այս պահի դրությամբ չեն համընկնում։ «Երկրորդ նախագահը, ինչպես քաղաքական այլ ցանկացած գործիչ, ունի իր տեսակետը ընթացող զարգացումների վերաբերյալ, իր գնահատականները, որոնք միշտ չէ, որ համընկնում են ՀՀԿ տեսակետների հետ: Կարծում եմ՝ դրանք շատ ավելի հաճախ համընկնում են ԲՀԿ տեսակետների հետ: Եթե դուք ուշադիր էիք, ապա ԲՀԿ տեսակետը նոր սահմանադրական փաթեթի վերաբերյալ բառացիորեն կրկնում էր այն ձեւակերպումները, որ տրվեց երկրորդ նախագահի կողմից իր հայտնի հարցազրույցում»,- ասաց Գագիկ Բեգլարյանը։

Back to top button