Հայոց ցեղասպանության ոգեկոչման բազմամարդ արարողություններ Լոս Անջելեսում


Լիլիթ Սեդրակյան
«Ռադիոլուր»
Լոս Անջելեսում Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված գլխավոր միջոցառումը ավանդաբար քաղաքի կենտրոնում կազմակերպվող բողոքի բազմամարդ ցույցն է: Այս տարի էլ փողոց են դուրս եկել տասնյակ հազարավոր ամերիկահայեր. նրանց պահանջը նույնն է եղել` Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչում և դատապարտում: Այս տարի փոքր-ինչ փոխվել է շեշտադրությունը. կազմակերպիչները մատնանշել են, որ միջազգային դատապարտման ձախողումը պատճառ է դառնում մեր օրերում ցեղասպանության շարունակական կրկնությանը:
Հայոց ցեղասպանության անպատժելիության մերօրյա հետևանքներն են այս տարի շեշտադրում նաև ամերիկացի պաշտոնյաները: Ժխտողականությունն ու թուքերի անպատժելիությունը ծնում են նոր հանցագործություններ մարդկության դեմ. ասել է թե` ցեղասպանթյան դատապարտումն այսօր ոչ միայն հայերի, այլև համաշխարհային հանրության պահանջն է դարձել, շեշտում են նրանք։
«Ուրախ եմ տեսնել, որ այսքան երիտասարդներ են գալիս այստեղ ու արդարություն պահանջում: Այնքան կարևոր է, որ այս երկիրը պահպանի առաջնորդի դերը մարդու իրավունքների պաշտպանության հարցում: Երեկ Թուրքիայի վարչապետը երկխոսության կոչ արեց. ինչ երկխոսության մասին է խոսքը, եթե այդ երկրում Հայոց ցեղասպանության մասին խոսելը հանցանք է: Առաջիկա մեկ տարում պետք է լարենք ուժերը և շարունակենք մեր գործը` վստահ, որ կհասնենք մեր ընդհանուր նպատակին»,- ասաց ԱՄն կոնգրեսական Ադամ Շիֆը։
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հերթական հիասթափությունը պատճառեց իր քաղաքացիներին. հիասթափված են ոչ միայն ամերիկահայերը, այլև ամերիկացի քաղաքական գործիչները, ովքեր ցեղասպանության միջազգային դատապարտման պայքարում հաջողության հասնելու նախապայման են համարում նախ սեփական կառավարության ճշմարիտ դիրքորոշումը։
«Ես շատ հիասթափված եմ։ Առաջիկա օրերին հանդիպելու եմ նախագահ Օբամայի հետ, նրան պատրաստվում եմ հիշեցնել իր անկատար խոստումը, դա իմ պարտքն է: Պատճառ չեմ տեսնում, թե ինչու մեր նախագահը չի կարող գործածել Ցեղասպանթւյուն բառը։ Չէ՞ որ խոսքը ոչ թե կարծիքի, այլ պատմական իրողության մասին է»,- նշեց Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի անդամ Միթչ Օ’Ֆարելը:
Լոս Անջելեսի կենտրոնական` Փոքրիկ Հայաստան թաղամասում հազարավոր հայերի հոսքը ձգվում էր Հոլիվուդ պողոտայի երկայնքով: Ամերիկահայ երիտասարդները ցուցապաստառներ էին պարզել` Թուրքիայից ճանաչման և հատուցման, աշխարհից` արդարացի արձագանքի պահանջով:
Լոս Անջելեսում Հայոց ցեղասպանության տարելիցի միջոցառումները շարունակվեցին Մոնթեբելլոյի հուշահամալիրի մոտ: Այտեղ էր ոչ միայն հայ համայնքը, այլև եկել էին ամերիկացի ընտրովի պաշտոնյաներ` իրենց աջակցությունն ու հավատարմությունը հայտնելու հայկական հարցերի օրակարգին։
«Այն, ինչ իր անունով չի կոչում նախագահ Օբաման, որ տեղի է ունեցել Ցեղասպանթւյուն, այս երկրում գիտեն նախագահից մինչև ստորին պաշտոնյան։ Դա կարծիք չէ, այլ պատմական փաստ: Բայց այսօր քչերը գիտեն` ինչ է կատարվում Քեսաբում։ Որքան էլ Սիրիայից եկող լուրերը հակասական են, ամեն ինչ հստակ է Քեսաբի հարցում. մենք չենք կարող թույլ տալ, որ Սիրիայի հայկական վերջին գյուղում կրկնվեն 99 տարվա վաղեմության դեպքերը: Բոլորս` տեղական և դաշնային մակարդակներում պետք է շարունակենք մեր պայքարը», — ասաց Լոս Անջելեսի քաղաքապետ Էրիկ Գարսեթին:
Մոնթեբելոն տարիներ շարունակ այս օրերին դառնում է Կալիֆորնիայի հայ համայնքի գլխավոր հավաքատեղին, որտեղ մարդիկ գալիս են խնկարկելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը, ծաղկեպսակ են դնում հուշահամալիրին, նաև հնչեցնում քաղաքական ելույթներ: Այս միջոցառումը խորհրդանշական է այն իմաստով, որ կազմակերպվում է համայնքի 57 կառույցների միասնական ուժերով:
Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցի միջոցառումների շարքում մեկ այլ բողոքի ակցիա տեղի ունեցավ Լոս Անջելեսում՝ Թուրքիայի գլխավոր հյուպատոսության շենքի առջև: Ամերիկահայ երիտասարդների նախաձեռնած ակցիան բարձրաձայնեց հայ համայնքի պահանջները` ուղղված ԱՄՆ իշխանությանը, թուրքական կառավարությանն ու միջազգային հանրությանը: Երիտասարդները որոշեցին գիշերել հյուպատոսության շենքի առջև` հանրության ուշադրությունը բևեռելու իրենց պահանջին։
Բողոքի ու ոգեկոչման բազմամարդ միջոցառումներով ոչ թե ավարտվեց, այլ սկսվում է ամերիկահայ համայնքի ակտիվ աշխատանքը` մինչև հարյուրամյակ։