Հասարակություն

«Բարեգործությունը մեծահոգություն չէ, այն յուրաքանչյուրիս պարտականությունն է». նկարիչները՝ հանուն Վազաշենի

Ալիսա Գեւորգյան
«Ռադիոլուր»

Հայ Ձմեռ պապ բարեգործական հիմնադրամի նախաձեռնությամբ արվեստագետների ԱՆՍԱՀՄԱՆ խունբը և ՀԱՅԱՐՏՕՆԼԱՅՆ կերպարվեստի կենտրոնը ապրիլի 25-ից մայիսի 23-ը կանցկացնեն բարեգործական ցուցահանդես, որի ողջ հասույթը կտրամադրվի Ադրբեջանին սայմանակից Վազաշեն գյուղի տնտեսական իրավիճակի բարելավմանն ուղղված լուծմանը, որոնց շարքում առաջնայինը համայնքի համար էլեկտրական չորանոցի ձեռքբերումն է: Նախաձեռնության հեղինակներն այսօր հանդիպել են լրագրողների հետ:

Տավուշի մարզի Վազաշեն համայնք: 18 կմ սահման Ադրբեջանի հետ: Սեփական ուժերով ադրբեջանական տանկերը դուրս շպրտած համայնք: Ռմբակոծված մանկապարտեզի շենք, երեք կողմից՝ հակառակորդի դիպուկահարներ, մշտական զոհեր խաղաղության պայմաններում: Վազաշենը հերոսաբար դիմակայել է թշնամուն, զոհեր տվել ու պահել հողը: Այսօր, սակայն, բնակիչները զանգվածաբար լքում են գյուղը: Առկա բազմաթիվ խնդիրներն այլևս անլուծելի են թվում՝ ականապատ հողեր, աշխատատեղերի բացակայություն, հուսալքություն: Նախկին 370 ընտանիքի փոխարեն համայնքում մնացել է 200-ը, այն էլ՝ կիսատված: Այս պայմաններում մեզնից յուրաքանչյուրի աջակցությունը Վազաշենի բնակիչներին արժանապատիվ ապրելու և աշխատելու հույս ու հնարավորություն կտա:

Այդ նպատակով Հայ Ձմեռ պապ բարեգործական հիմնադրամը նախաձեռնել է իր հերթական բարեգործական միջոցառումը, որին միացել են նկարիչները: ՀԱՅԱՐՏՕՆԼԱՅՆ կերպարվեստի կենտրոնում ապրիլի 25-ից մայիսի 23-ը տեղի կունենա բարեգործական ցուցահանդես, որի ողջ հասույթը կտրամադրվի Վազաշենի տնտեսական իրավիճակի բարելավմանն ուղղված խնդիրների լուծմանը:

15 արվեստագետների մոտ 4 տասնայակ աշխատանքների վաճառքից ստացված հասույթի մեծ մասը կտրամադրվի էլեկտրական չորանոցի ձեռքբերմանը, ինչը համայնքի տնտեսական վիճակը բարելավելու, միրգն ու բանջարեղենը սպառելու իրական հիմք կստեղծի: «Բոլոր խնդիրներով հանդերձ Վազաշենն ունի բերրի հող, բնակլիմայական բարենպաստ պայմաններ, քաղցր, համեղ բերք: Թզենին տարեկան երկու անգամ բերք է տալիս»,-ընդգծում է Հայ Ձմեռ պապ բարեգործական հիմնադրամի նախագահ Արմինե Պետրոսյանը:

Արվեստը սահմանային խորագիրը կրող ցուցահանդես վաճառքը կդառնա յուրատեսակ քաղաքացիական նախաձեռնութուն: Գաղափարի հեղինակների բուն ցանկությունն է՝ հաղթահարել անձնական սահմանները, հայացքն ուղել կենտրոից դուրս, օժանդակել մեր հայրենիքի սահմանը կյանքի գնով պահած ու այսօր ծանր պայմաններում ապրող մարդկանց: «Բարեգործությունը մեծահոգություն չէ: Այն յուրաքանչյուրիս պարտականությունն է». Հայ Ձմեռ պապ բարեգործական հիմնադրամի կարգախոսն է:

Back to top button