ԱՄՆ կոնգրեսականներն այցելել են նաև Մայր Աթոռի էկումենիկ կենտրոն


Ապրիլի 24-ին` Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի այցի շրջանակներում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ ծայրագույն պատրիարք և Ամենայն հայոց կաթողիկոսի հետ հանդիպումից հետո ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդ Ռոյսի գլխավորած ԱՄՆ կոնգրեսականների պատվիրակությունը` ուղեկցությամբ ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆերնի, ինչպես նաև Ամերիկայի Հայ Ազգային Կոմիտեի նախագահ Քեն Խաչիկյանի, անդամներ Րաֆֆի Համբարյանի, Նոռա Հովսեփյանի, Ստիվ Հովսեփյանի, Րաֆֆի Գարագաշյանի այցելել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի նորակառույց Էկումենիկ կենտրոն: Այս մասին տեղեկացնում է Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական կենտրոնը։ Այցի ընթացքում հյուրերը ծանոթացել են Հայաստանյան կլոր սեղան միջեկեղեցական բարեգործական հիմնադրամի կողմից կազմակերպված «Սուրբ Էջմիածինը և Հայոց ցեղասպանությունը» թեմայով շարժական ցուցահանդեսին, ապա մասնակցել են Թուրքիայի Հանրապետությունում կրոնական կազմակերպությունների և եկեղեցիների վիճակին նվիրված քննարկմանը:
Զրույցի ընթացքում Մայր Աթոռի միջեկեղեցական հարաբերությունների բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանն անդրադարձել է հայ եկեղեցու էկումենիկ կապերին, ինչպես նաև ներկայացրել Թուրքիայի և Հյուսիսային Կիպրոսի տարածքում կրոնական հաստատությունների` մասնավորապես հայ, հույն, ասորի եկեղեցիների իրավունքների պաշտպանության բնագավառում եկեղեցիների կողմից ձեռնարկված քայլերը: Հովակիմ սրբազանը մասնավոր անդրադարձ է կատարել նաև պատմական Արևմտյան Հայաստանի տարածքում մի շարք եկեղեցիների պատմությանն ու ներկա վիճակին` ԱՄՆ կոնգրեսականներին վերստին փոխանցելով Վեհափառ հայրապետի գնահատանքը` Թուրքիայի տարածքում եկեղեցական կալվածքներն իրավատերերին վերադարձնելու նպատակով օրենսդրական նախաձեռնության համար: Հանդիպումից հետո հյուրերը շրջել են Մայր աթոռի թանգարաններում և եղել Մայր տաճարում: