Քաղաքական

Ցեղասպանության միջազգային ճանաչումը հեշտ պայքար չէ. մոմավառության արարողություններ Լոս Անջելեսում եւ Գլենդեյլում

Լիլիթ Սեդրակյան
«Ռադիոլուր»- Լոս Անջելես

Հայոց ցեղասպանթյան 99-րդ տարելիցին նվիրված միջոցառումները Լոս Անջելեսում շարունակվել են մինչև ուշ երեկո: Օրվա երկրորդ կեսին, Լոս Անջելեսում Հայաստանի գլխավոր հյուպատոսությունում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության պետական դրոշի խոնարհման արարողություն: Հայ եկեղեցու սպասավորները աղոթք են հնչեցրել անմեղ զոհերի հիշատակին: Արարողության ավարտին տեղի է ունեցել մոմավառություն:

Միջոցառմանը մասնակցել են համայնքի քաղաքական, հասարակական ու կրոնական կառույցների ներկայացուցիչներ: Ամերիկահայ քաղաքական գործիչները շեշտել են, որ Սփյուռքի և Հայաստանի միասնական ջանքերով է միայն հնարավոր հասնել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման, դատապարտման և Թուրքիայի կողմից հատուցման նպատակներին:

Ի հիշատակ 1,5 մլն անմեղ զոհերի մոմավառության արարողություն է կազմակերպել նաև Միացյալ հայ երիտասարդներ կազմակերպությունը: Նրանք միջոցառման վայր են ընտրել Գլենդեյլ քաղաքի այն հատվածը, որը քաղաքային իշխանությունների կողմից ժամանակին հատկացվել է Հայոց ցեղասպանությանը նվիրված հուշարձան կառուցելու համար: Միջոցառմանը մասնակցել են համայնքային կառույցների ներկայացուցիչներ, ամերիկացի ընտրովի պաշտոնյաներ, քաղաքական ու հասարակական գործիչներ, Գլենդեյլի քաղաքային իշխանության անդամներ:

«Պատիվ է այս երեկո ձեր կողքին լինել` հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության 1.5 մլն զոհերի հիծատակին: Ես երախտապարտ եմ ձեր աննկուն ջանքերի համար, որ գործադրում եք` հանուն արդարության ու ճշմարտության:  Մի քանի շաբաթ առաջ ես նամակ գրեցի թուրք ժողովրդին և այն ուղարկեցի բոլոր խոշոր թերթերին` անգլերենով և թուրքերենով։ Նրանցից ոչ մեկը, ցավոք, համարձակությոն չունեցավ այն տպագրել: Դա զարմանալի չէ մի երկրում, որտեղ ցեղասպանության՝ ասել է թե պատմական փաստերի մասին խոսելը հանցագործություն է: Ես համոզված եմ, որ միասին մենք հաջողության կհասնենք: Դա հեշտ պայքար չէ, քանի որ մեր առջև կանգնած է լավ ֆինանսավորված և հզոր ուժ: 100 տարին բավականին երկար ժամանակ է, և մենք պետք է թարմացնենք մեր ուժերն ու լարենք ջանքերը առաջիկա պայքարի համար»,- հայտարարեց մոմավառության արարողությանը մասնակցող կոնգրեսական Ադամ Շիֆը:

 

Back to top button