ԿարևորՔաղաքական

Ցեղասպանության ճանաչման համար դեռ Հայաստանը զգալի անելիք ունի

Հասմիկ Դիլանյան
«Ռադիոլուր»

Այսօր վաղ առավոտից չէր դադարում մարդկանց հոսքը դեպի Ծիծեռնակաբերդի բարձունք: Վաղ առավոտյան Մեծ եղեռնի զոհերի հիշատակին հարգանքի տուրք մատուցեցին  մեր երկրի բարձրաստիճան պաշտոնյաները՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ։ «Ցեղասպանության դատապարտումը ՀՀ  արտաքին քաղաքականության հիմնական հայեցակարգային անկյունաքարերից մեկն է,- ասում է   ԱԺ նախագահի պաշտոնակատար Էդուարդ Շարմազանովը և նկատում,- մենք տեսնում ենք, որ  99 տարի անց Թուրքիայի իշխանությունները շարունակում են ժխտողական քաղաքականությունը, շարունակում են կեղծել պատմությունը և դեռևս պատրաստ չեն հաշտվել իրենց պատմության հետ»:

Շարմազանովը վստահ է՝  Ցեղասպանության ճանաչումն առաջին հերթին կօգնի Թուրքիային և իր ժողովրդին։ «Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ ընդդիմություն թե իշխանություն, ռամիկ թե ռանչպար, սփյուռքահայ թե Հայաստանի բնակիչ պետք է միաբանվեն և պայքարեն այս ոճիրի դեմ: Քանի դեռ Հայոց ցեղասպանությունը չի դատապարտվել, քանի դեռ մարդկային հասարակությունը կարող է լռել, վտանգներ կան, որ ցեղասպանությունները կկրկնվեն: Ժխտողականության դեմ չպայքարելը գրեթե նշանակում է ցեղասպանության խրախուսում»,- ասում է ԱԺ նախագահի պաշտոնակատարը։

«Ցեղասպանության ճանաչման համար դեռ Հայաստանը զգալի անելիք ունի.  ՀՀԿ փոխնախագահ, կրթության ու գիտության նախարարի պաշտոնակատար  Արմեն Աշոտյանի դիտարկումն է: «Ամեն անգամ մենք հավաքվում ենք այս սգո արարողությանը, բայց ցավոք, երբ հաճախ հնարավորություն ենք ունենում արտահայտվելու , մեր շատ ու շատ քաղաքացիներ փաստերի լեզվով չեն կարողանում խոսել»,- ասում է Աշոտյանը։

Փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը կարևորում է Հայաստանի հետևողական աշխատանքը՝ Ցեղասպանության  ճանաչման գործընթացում։ Նա վստահ է, որ վաղ թե ուշ ոչ միայն ողջ աշխարհը, այլ նաև հենց Թուրքիան է ճանաչելու Հայոց ցեղասպանությունը:

Կառավարության աշխատակամզի ղեկավար նախարար Դավիթ Հարությունյանը  ևս վստահ է, որ «հեռու չէ այն օրը, երբ Թուրքիան իսկապես կճանաչի Հայոց ցեղասպանությունը»։

Նախօրեին Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թաիպ Էրդողանը ուղերձ էր հղել՝ ցավակցություն հայտնելով «1915- ի դեպքերի կապակցությամբ» Իր ուղերձում Էրդողանը նշել էր, որ «1915 թվականի իրադարձությունների օգտագործումը որպես Թուրքիայի հետ քաղաքական հակամարտության պատրվակ անթույլատրելի է»։

«Այս 99 տարիների ընթացքում հայ ժողովուրդը տարբեր ստեր է  լսել թուրքական իշխանություններից, այդ ստերը միշտ տարբեր ձևով են փաթեթավորված եղել։ էրդողանի երեկվա հայտարարությունը ժամանակակից փաթեթավորման հերթական սուտն էր, որը վկայում է նրա մասին,. որ Թուրքիայի ժողովուրդը ցավոք սրտի այս 99 տարիների ընթացքում չունի իշխանություն ձևավորելու հնարավորություն, որը այդ հասարակությունը կդարձնի առավել որակյալ»,- ասում է կրթության ու գիտության նախարարի պաշտոնակատար  Արմեն Աշոտյանը։

ԱԺ նախագահի պաշտոնակատար Էդուարդ Շարմազանովի կարծիքով՝ Թուրքիայի իշխանությունները  պետք է զերծ մնան իրականությանը չհամապատասխանող հայտարարություններից, նրանք  իրենց պետությանն ու ժողովրդին ավելի կօգնեն, եթե օրինակ վերցնեն գերմանական իշխանություններից, որոնք երկրորդ աշխարհամարտից հետո հստակ ընդունեցին իրենց սխալն ու ներողություն խնդրեցին հրեա ժողովրդից՝  ճանաչելով Հոլոքոստը,- եզրափակեց Էդուարդ Շարմազանովը:

Back to top button