Սահմանամերձ Երվանդաշատում եւ Բագարանում մեծ կրակ են վառել


Սաթիկ Իսահակյան
«Ռադիոլուր»- Արմավիր
Այսօր առավոտյան Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին հարգանքի տուրք և հոգեհանգստի կարգ է կատարվել Արմավիրի մարզում: Ծաղիկներ ու ծաղկեպսակներ են դրվել Արմավիրի մարզի գրեթե բոլոր համայնքներում եղեռնի զոհերի հուշարձան կոթողներին: Իսկ երեկ երեկոյան երիտասարդները Էջմիածին և Արմավիր քաղաքներում իրականացրել են ջահերով երթ և մոմավառություն , որով իրենց բողոքն են հայտնել նախորդ դարասկզբին Օսմանյան Կայսրության իրականացրած ոճրագործության դեմ:
99-տարի անց էլ հայոց կոտորածը դեռ մխում է մեր հոգիներում և ցասման ու պահանջատիրության բողոք բարձրացնում, որն ամեն տարի արտահայտվում է ապրիլի 23-ի երեկոյան երիտասարդների կազմակերպած ջահերի երթով ու մոմավառությամբ, որի ավարտին, ի տես բոլորի, այրվում է թուրք ոճրագործի պետական խորհրդանիշը` դրոշը: Ավելին` երեկ երեկոյան Արմավիրի մարզի մի խումբ երիտասարդներ հասել էին հայ-թուրքական սահմանամերձ Երվանդաշատ և Բագարան գյուղերի մոտակա բարձունքը և մեծ կրակ վառել: Երիտասարդները վրեժխնդրությամբ էին լցված և համոզված են, որ հատուցում լինելու է։
Սահմանամերձ բարձունքում Արմավիրի թեմի Սրադարապատի սուրբ Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ տեր Սարգիս քահանա Խլղաթյանի առաջնորդությամբ 1.5 միլիոն անմեղ նահատակների հիշատակին մոմեր վառվեցին և աղոթք բարձրացվեց առ Աստված:
Տեր հայրը ուրույն մոտեցումն ունի Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ, որ ընկալվում է, որպես տարբեր երկրների շահերի բախում, իսկ նախնիների երկրին կարոտով է նայում և ափսոսանք հայտնում, որ այնտեղ հասնելու համար տարբեր երկրների սահմաններ ենք հատում:
Մեծ եղեռնի զոհերի հիշատակին այսօր առավոտյան Արմավիրի մարզի բոլոր համայնքներում հիշատակի տուրք է մատուցվել ու հոգեհանգստի կարգ կատարվել Արմավիր թեմի հոգևորականների մասնակցությամբ: Մազապուրծ եղած հայերից այսօր կազմավորվել է մեծ գերդաստան, որոնք ապրում են նախնիների հուշերը վերապրելով: Նրանցից է նաև գրող Ռաֆայել Սահակյանը, ով 2 անգամ այցելել է նախնիների հայրենիքը, տեսել և վերապրածը հանձնել թղթին` հրատարակելով «Էրգիրը տեսա հորս աչքերով» գիրքը: Մուշ-Բագրևանդ-Խասթուր և Շախվառուտ, ներկայիս Հուշակերտ, սա եղել գրողի պապի գաղթի ճամնապարհը: «Այսօր մենք պահանջում ենք ցեղասպանության ճանաչում, մեր ժողովուրդը պետք է ամուր կանգնի իր հողի վրա և դրան հասնի իր միասնականությամբ», — ասաց Ռաֆայել Սահակյանը:
Գրողը տվեց նաև իր գնահատականը Թուրքիայի վարչապետի հայտարարության վերաբերյալ` հերթական ստապխոսություն, հերթական փոշի ցեղասպանության 100 ամյակի նախաշեմին։ Գաղթականի ժառանգ է նաև Արմավիրի քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանը, ով դիվանագիտական խաղ է համարում Թուրքիայի վարչապետի հայտարարությունը և նշում, որ մենք հաստատակամ ենք մեր պահանջատիրությանը: «Մենք պայքարելու ենք, կլինի դիվանագիտությամբ, թե ուժով, իրավական դաշտով, աշխարհը հասկանում է, որ եղել է Հայոց մեծ եղեռն: Թուրքիան պետք է ընդունի ցեղասպանությունը»։