Քաղաքական

Հիշատակի արարողություններ՝ Արցախում

Լուսինե Ավանեսյան
«Ռադիոլուր»- Ստեփանակերտ

Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ են այսօր անցկացվում Ստեփանակերտում։ Երեկ երեկոյան  ՀՅԴ Արցախի երտասարդական և ուսանողական կառույցների նախաձեռնությամբ  պահանջատիրական երթ է տեղի ունեցել: Երիտասարդների բողոքի ցույցը սկսվելով Ստեփանակերտի սբ. Հակոբ եկեղեցուց՝ անցել է կենտրոնական փողոցներով մինչև քաղաքային հուշահամալիր:  Երիտասարդները նաև քաղաքական կոչեր են հնչեցրել՝ ոչ ասելով Թուրքիայի հարաբերություններում նախապայմաներին և արձանագրություներին ընդհանրապես:

Ստեփանակերտի հուշահամալիրում  այսօր Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հանրապետության բարձրաստիճան ղեկավարության ուղեկցությամբ այցելել է մայրաքաղաքի հուշահամալիր եւ ծաղիկներ դրել Մեծ եղեռնի անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին:

ԼՂՀ նախագահն այսօր նաեւ ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության 99- րդ տարելիցի կապակցությամբ։ «1915 թվականին 1,5 միլիոն հայեր սրի քաշվեցին Օսմանյան կայսրությունում, հրաշքով մահից փրկվածները սփռվեցին աշխարհով մեկ` ապաստան գտնելով տարբեր երկրներում: Այսօր նրանց հետնորդները, կորստի ցավն ու պատմական հայրենիքի կարոտը սրտներում, ապրում ու արարում են այդ պետություններում, որոնք օգնության ձեռք են մեկնել թուրքական յաթաղանից մազապուրծ եղած մեր հայրենակիցներին եւ դարձել նրանց երկրորդ հայրենիքը:

Մեծ եղեռնն իրավամբ դասվում է մարդկության դեմ ուղղված ամենածանր ոճրագործությունների շարքին, որոնք վաղեմության ժամկետ չունեն եւ չեն էլ կարող ունենալ, քանի որ մոռանալ անցյալը` նշանակում է ճանապարհ բացել նոր բարբարոսությունների ու չարագործությունների համար: Այդ իսկ պատճառով մենք մեր ձայնն ենք բարձրացնում հանուն պատմական արդարության վերականգնման, հանուն մարդու իրավունքների ու ազատությունների պաշտպանության:

Մենք վճռական ենք ու վստահ, որ ի վերջո մեր ձայնը լսելի կլինի աշխարհին, եւ հայ ժողովրդի դարավոր պայքարն անպայման կպսակվի հաղթանակով: Վստահ ենք, որովհետեւ լավ ենք սերտել պատմության դասը, եւ օր օրի զորացող Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնությունը դրա վառ առհավատչյան է»,- ասված է ուղերձում։

Back to top button