Քաղաքական

Թուրքիան էլ պետք է դատապարտի. Ծիծեռնակաբերդում են դիվանագետներն ու ԱՄՆ կոնգրեսականները

Սոնա Հակոբյան
«Ռադիոլուր»

Վաղ առավոտյան Ծիծեռնակաբերդի բարձունքում էին նաև ՀՀ-ում հավատարմագրված դեսպաններն ու ԱՄՆ  կոնգրեսականները: Նրանք ևս հանրապետության բարձրաստիճան պաշտոնյաների հետ միասին իրենց հարգանքի տուրքը մատուցեցին անմեղ զոհերի հիշատակին: Լրագրողների հետ զրույցում ՀՀ- ում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնկ նշեց, որ նախագահ Բարակ Օբաման մի քանի ժամ անց հանդես կգա հայտարարությամբ: «Վստահ եմ, որ նախագահը կդատապարտի այս ողբերգությունը` դիտարկելով այն իբրև 20 դարի ամենադաժան նախճիրներից մեկը: Նախագահն ուժեղ հայտարարություն է անելու՝ ընդունելով  1915-1923 թվականը տեղի ունեցած փաստերը»։

Լեհաստանը ևս տվել է 1915 թ.- ի դեպքերի քաղաքական ու բարոյական գնահատականը, բայց միաժամանակ կարծում է, որ հարցի լուծումը և տարածաշրջանում խաղաղության ու կայունության պահպանումը հնարավոր է միայն երկխոսության ճանապարհով, ասաց  ՀՀ-ում Լեհաստանի դեսպան Զդիսլավ Ռաչինսկին: «Դա է պատճառը, որ մենք բարձր ենք գնահատում Սերժ Սարգսյանի՝ երկխոսության ցանկությունը և հարցը խաղաղ ճանապարհով լուծելու հնարավորությունը: Թեև երկխոսության հարցն այժմ սառեցված է, բայց ես հավատում եմ, որ դա ընդամենը ժամանակի հարց է»,- ասում է դեսպանը։

ՌԴ արտակարգ եւ լիազոր դեսպան Իվան Վոլինկինն էլ Ծիծեռնակաբերդի հուշահամալիր էր բերել Ռուսաստանի Պետդումայի կողմից ընդունված 1995 թվականի հայտարարությունը, որը կոչվում է 1915-1922 թվականների ցեղասպանության դատապարտումը: «Մենք պետք է ճիշտ գնահատական տանք անցած դարասկզբի իրադարձություններին եւ կոչ անենք, որ միջազգային հանրությունն էլ դատապարտի»,- ասաց նա։

«Մեր դասագրքերում նշված է 1915- ի դեպքերի մասին և ցեղասպանությունը ճանաչվել է նախագահ Ռոնալդ Ռեյգանի կողմից»,- Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում կազմակերպված ծառատունկից հետո խոսելով 1915 թ-ի դեպքերի մասին նշեց ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդ Ռոյսը:

Կոնգրեսական Էլիոտ Էնգելն էլ  իր խոսքում նշեց, որ ամերիկյացի ժողովուրդը ճանաչում է Հայոց ցեղասպանությունը, այդ օրինակին պետք է հետևի նաև Թուրքիան: «Մենք ունենք ամերիկահայ կենսունակ ակտիվ համայնք, որը բարձրաձայնում է Հայոց ցեղասպանության մասին, և ԱՄՆ-ի ժողովուրդը գիտի դրա մասին, ճանաչում է Հայոց ցեղասպանությունը, և Թուրքիան ևս դա պետք է ընդունի»։

Ռոուդ Այլենդից կոնգրեսական Դեյվիդ Սիսիլին էլ նշեց, որ իր համար մեծ պատիվ է այսօր գտնվել այստեղ։

Back to top button