Հասարակություն

Ամերիկյան Պիկո Ռիվիերա եւ արցախյան Քարվաճառը դարձան քույր քաղաքներ

Լիլիթ Սեդրակյան
«Ռադիոլուր»- Լոս Անջելես

2014թ. ապրիլի 22-ին Կալիֆորնիայի Պիկո Ռիվիերայի քաղաքային խորհուրդը միաձայն բանաձև է ընդունել, որի համաձայն Քարվաճառը և Պիկո Ռիվիերան հայտարարվել են քույր-քաղաքներ: Այդպիսով՝ Պիկո Ռիվիերայի քաղաքային խորհուրդը հայտարարել է Արցախի Քարվաճառի հետ պաշտոնական գործընկերային հարաբերություններ սկսելու մասին: Բանաձևում նաև արձանագրում է Քարվաճառի և Արցախի բնակիչների զոհողությունները, նվիրումը և վճռականությունը դժվարությունների առջև:

Քվեարկությունից առաջ հայ համայնքի ներկայացուցիչները, մասնավորապես Հայ դատի Սան Գաբրիել Վելի գրասենյակի, Հայ մշակութային հիմնադրամի և Մեսրոպյան հայկական դպրոցի ներկայացուցիչները երախտագիտություն են հայտնել քաղաքային խորհրդին երկար տարիների աջակցության, հյուրընկալության և հայ համայնքին մատուցած ծառայությունների համար: Նրանք նաև ներկայացրել են Քարվաճառի պատմական կարևոր նշանակությունն ու դերը այդ տարածաշրջանում քրիստոնեության զարգացման գործում:

Հայ համայնքի ներկայացուցիչները Պիկո Ռիվիերայի քաղաքային խորհրդի անդամներին և լսարանին ներկայացրել են, թե ինչպես է Արցախը խորհրդային տարիներին բռնակցվել Ադրբեջանին՝ չնայած այն փաստին, որ Արցախը եղել է Հայաստանի անբաժանելի մասը հազարավոր տարիներ:

Ելույթ ունեցողները ներկայացրել են նաև, թե ինչպիսի դաժան տանջանքների են ենթարկվել տեղի հայերը Ադրբեջանի հայազտման քաղաքականության հետևանքով, խոսվել է Սումգայիթի, Կիրովաբադի և Բաքվի ջարդերի, ինչպես նաև Ադրբեջանից ավելի քան 300.000 հայերի տեղահանման, Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի ու բազում զոհերի գնով Արցախի ժողովրդի ձեռք բերած ինքնիշխանության մասին։

Քվեարկությունից հետո քաղաքային խորհրդի բոլոր անդամները հայտարարել են, որ հպարտ են նման բանաձև ընդունել: Այն լավ հիմք է, որի վրա կկառուցվի հայ համայնքի ու հայկական երկրորդ երիտասարդ հանրապետության հետ գործակցությունը:

Հայ դատի հանձնախմբի արևմտյան Ամերիկայի գրասենյակի պատասխանատուները հայտնել են, որ առաջիկայում կշարունակվի Արցախի և Կալիֆորնիայի քաղաքների միջև գործընկերային հարաբերությունների հաստատման գործընթացը: Այդ ուղղությամբ հայկական լոբբիստական կառույցն աշխատում է արդեն մի քանի ամիս։

Back to top button