Հասարակություն

Ամերիկայի հրեական կոմիտեն Թուրքիային կոչ է արել ընդունել Հայոց Ցեղասպանությունը

Ամերիկայի հրեական կոմիտեն (American Jewish Committee) ապրիլի 23-ին հայտարարություն է տարածել, որում հարգանքի տուրք է մատուցել Մեծ Եղեռնի 1,5 մլն զոհերի հիշատակին, Հայոց ցեղասպանությանը, որն իրականացվել է Օսմանյան կայսրության վերջին տարիներին: Այս մասին նշված է Սան Դիեգոյի հրեական համայնքի պաշտոնական կայքում: 

Կոմիտեն հայտարարության մեջ Թուրքիայի կառավարությանը կոչ է արել ոչ միայն ապահովել «մութ» ժամանակաշրջանում զանգվածային սպանությունների, բռնի տարհանման, մահվան երթերի, ընտանիքների բաժանումների և խոշտանգումների պատմական փաստերի լիարժեք ուսումնասիրությունը, այլև ընդունել բացահայտված փաստերը: 

«Օսմանյան կայսրության կողմից էթնիկ հայերի դեմ կատարված ոճրագործությունը մարդկության դեմ անասելի հանցագործություն է: Մենք բոլորս պարտավոր ենք հիշել սա` ապագայում նման գործողությունները կանխելու համար: Մենք Մեծ Եղեռնի` 20-րդ դարի առաջին, սակայն ոչ վերջին էթնիկ կոտորածի և ցեղասպանության 99-րդ տարելիցին ամենուր համերաշխություն ենք հայտնում բարի կամքի մարդկանց»,-ասել է կոմիտեի գործադիր տնօրեն Դավիթ Հարիսը:

Back to top button