Հասարակություն

Ցեղասպանության մասին քննարկումները Թուրքիայում անցկացվում են ակադեմիական շրջանակներում

Արտակ Բարսեղյան
«Ռադիոլուր»

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակն արդեն 99 տարի շարունակ դարձել է մեր ազգի հոգու անբաժան մասը: Այդ ողբերգական ոճրագործությունը չի կարող մոռացության տրվել: Թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը նկատեց, որ հայերի մոտեցումները հիմնված են  վերապրածների պատմությունների, փաստերի, պատմական հետազոտությունների արդյունքների վրա: Միևնույն ժամանակ ի հայտ են եկել նոր մոտեցումներ այդ դեպքերի շուրջ՝ կապված նաև թուրք հասարակության տրամադրվածության նկատելի փոփխման հետ:

Վերջին ժամանակաշրջանում Թուրքիայում հաճախակի անցկացվում են քննարկումներ, ապրիլի 24-ին տեղի են ունենում ցույցեր, ինչը տասնամյակներ շարունակ հնարավոր չեր նույնիսկ պատկերացնել: Ըստ թուրքագետի՝ այս միջոցառումները սակայն չպետք է ընդունել միենշանակ որպես Ցեղասպանության ճանաչում Թուրքիայի կողմից:

Քննարկմանը համացանցային կապով Ստամբուլից մասնակցող թուրքական IMC հեռուստաընկերության լրատվական ծրագրերի ղեկավար, հայազգի լրագրող  Արիս Նալչին իր հերթին նշեց, որ Հայոց ցեղասպանության շուրջ քննարկումները հիմնականում անցկացվում են ակադեմիական շրջանակներում: Տարեց տարի ավելանում է Ստամբուլի կենտրոնական Թաքսիմ հրապարակում ապրիլի 24-ին անցկացվող ցույցերի մասնակիցների թիվը:

Ըստ Նալչիի՝ նման բողոքի ակցիաներ կայանում են նաեւ թուրքական այլ խոշոր քաղաքներում: Վան լճից հարավ-արևմուտքում գտնվող հիմնականում քրդաբնակ Տիգրանակերտ քաղաքի իշխանությունները որոշել են կանգուն մնացած հայկական եկեղեցին հանձնել Պոլսո Հայոց պատրիարքարանին, ինչպես նաև վերադարձնել եկեղեցապատկան հողերը: Լրագրողը նշեց, որ եթե թուրք հասարակության մոտ փոխվում է Մեծ եղեռնի ընկալումը, ապա իշխանությունները դեռևս պահպանում են իրենց կարծր վերաբերմունքը՝ հերքելով Ցեղասպանության փաստը:

Հաջորդ տարի կլրանա Մեծ եղեռնի 100-րդ տարելիցը: Թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը կարծիք հայտնեց, որ այդ կապակցությամբ կարիք չկա առանձնակի նոր մոտեցումներ ցուցաբերել։ Քանի որ ցեղասպանությունը հանցագործություն է, ապա դրան պետք է տրվի իրավական գնահատական, այն ենթակա է պատժման և փոխհատուցման, նշեց գիտնականը: Այս ուղղությամբ անհրաժեշտ է իրականացնել նախապատրաստական աշխատանք մինչև 100-րդ տարելիցը։

Back to top button