Հասարակություն

Տրանսպորտային կրքեր Ազգային ժողովում

Լենա Բադեյան
«Ռադիոլուր»

Այսօր Աժ-ում տեղի ունեցան խորհրդարանական լսումներ` ճանապարհային տրանսպորտի երթեւեկության կանոնակարգման նպատակով տեղադրված տեսախցիկների, կարմիր նշագծումների խնդիրներն ուսումնասիրելու հարցով։ Հիշեցնենք, որ խորհրդարանական ընդդիմությունը պահանջում էր այս հարցով ստեղծել ժամանակավոր հանձնաժողով, բայց խորհրդարանն այս անգամ սահմանափակվեց լսումներ կազմակերպելով։

2012 թ. համեմատ Երեւանում 30 տոկոսով նվազել է մահվան ելքով վթարների թիվը. Աժ-ում լսումների ժամանակ ասաց ՀՀ ոստիկանապետի տեղակալ Արթուր Օսիկյանը` այսպես ապացուցելով, որ արագաչափ սարքերի տեղադրումը արդարացված է։ Բազմիցս նշվել է, որ արագաչափերի, տեսախցիկների եւ կարմիր նշագրումներով կանգառներից ստացված գումարի մեծ մասը մասնավոր ընկերությանն է:

Լսումների ժամանակ պարզվեց, որ «Սեքյուրիթի դրիմս» ընկերությունը արագաչափերի եւ տեսախցիկների աշխատանքից մեկ տարվա ընթացքում ստացել է 5 միլիարդ դրամ: Սա այն դեպքում, երբ տեխնիկական միջոցների տեղադրման համար ընկերության ներդրման չափը կազմել է ընդամենը 5.5 միլիարդ դրամ: Պայմանագրի համաձայն՝ մասնավոր այդ ընկերությունը ոլորտը պետք է տնօրինի մինչեւ 2036 թվականը: Պայմանագրի կնքման ժամանակ կողմերը փաստորեն սխալ էին հաշվարկել, թե 25 տարվա ընթացքում միայն կատարված ներդրումները կկարողանան փակվել:

Այսօր վերոնշյալ թվերին ծանոթանալուց հետո նույնիսկ խորհրդարանական մեծամասնության` հանրապետական պատգամավորները, մասնավորապես Վարդան Այվազյանը, պնդում էին. պայմանագիրը պետք է վերանայվի այս տարվա ընթացքում: Ստացվող եկամտից պետությանը տրվող այսօրվա 30 տոկոսի փոխարեն պետք է հատկացվի 50 տոկոսը: Ըստ էության՝ ոլորտը մենաշնորհ է եւ պետք է կանոնակարգվի նաեւ այս խնդիրը, նշեց «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը։

Այս հարցի քննարկման ժամանակ խորհրդարանում որոշվել էր նոր ընթացակարգ: Պատգամավորները հնարավորություն չունեցան հարցեր ուղղել` դրանք նախապես գրավոր ուղարկվել էին եւ ակնկալվում էին, որ շահագրգիռ կողմերը պատասխանները կտան: Սակայն, առանց բացառության բոլոր խմբակցությունների ներկայացուցիչներն այսօր դժգոհեցին. իրենց հարցերի մի մասի պատասխանն այդպես էլ չստացան:

Խորհրդարանական ընդդիմությունն այս հարցը քննարկելու համար պահանջում էր ստեղծել ժամանակավոր հանձնաժողով: Լսումներից հետո նրանք մնացին նույն կարծիքի: ՀԱԿ-ից Արամ Մանուկյանը առաջին հերթին ուշադրությունը հրավիրում է հետեւյալ խնդրին. որքանո՞վ են համաչափ տուգանքները քաղաքացիների եկամուտներին: Եզրակացրեց. համատարած թանկացումների, գազի, տրանսպորտի, պարտադիրի խնդիրներին սրա ավելացումը խթանում է արտագաղթը։

Հանրապետական խմբակցությունից Խոսրքով Հարությունյանը նշեց, որ լսումները չեն բացառում հանձնաժողովի ստեղծումը, բայց ոլորտի կարգավորման այլ ճանապարհներ էլ կան։

Ի դեպ՝ արդարադատության նախարարի պաշտոնակատար Հրայր Թովմասյանն իր խոսքում ակնարկեց, որ հետագայում հնարավոր է նաեւ վերանայվեն տույժերի չափերը: Իրատեսական է, որ տուգանքների ուշացման դեպքում եռապատկումն ու հնգապատկումը մի քիչ նվազեցվի։

Back to top button