ԿարևորՔաղաքական

«Պարտադիր, բայց ոչ պարտադրված». Կուտակային կենսաթոշակների օրենքի 76 հոդվածը կասեցվում է

Հասմիկ Դիլանյան
«Ռադիոլուր»

Այսօր առավոտյան, կառավարության նիստից բառացիորեն րոպեներ առաջ օրակարգ է ընդգրկվել «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդվածի գործողությունը կասեցնելու մասին նախագիծը: Նախագծով առաջարկվում է գործատուին ազատել վարձու աշխատող և պայմանագրային եկամուտ ստացող մասնակիցների համար 2014 թվականի հունվար-ապրիլ ամիսների կուտակային վճարները չկատարելու կամ ուշացումով կատարելու համար սահմանված տույժերից։

Ինչպես կառավարության նիստում նշեց վարչապետ Հովիկ Աբրահամյանը այսօր գործադիր մարմնի պաշտոնական կայքում տեղադրվել է Հովիկ Աբրահամյանի դիրքորոշումը։ Այստեղ 7 հիմնական դրույթներ են նշված, որոնք, վարչապետի կարծիքով, պետք է հիմք հանդիսանան կենսաթոշակային բարեփոխումների գործընթացը կազմակերպելու համար: Դրույթները շարադրված են առանց որևէ ենթատեքստի: Կառավարության ղեկավարը հույս ունի, որ դրույթները շատ արագ հասարակական-քաղաքական ուժերի ջանքերի համատեղման և միասնական աշխատանքի ուղեցույց կդառնան:

«Կենսաթոշակային բարեփոխումները կենսական անհրաժեշտություն ունեն մեր երկրի համար, և մենք պարտավոր ենք արժանապատիվ ծերություն ապահովել բոլորի համար՝ անկախ կուսակցական պատկանելությունից և սոցիալական կարգավիճակից: Հետևաբար՝ դրան պետք է հասնենք բոլորս միասին, համատեղ ջանքերով: Կենսաթոշակային բարեփոխումների հաջողությունը պետք է դառնա քաղաքական, հասարակական բոլոր ուժերի՝ Հայաստանի Հանրապետական կուսակցության, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության, «Օրինաց երկիր» կուսակցության, Հայ Յեղափոխական Դաշնակցության, Հայ ազգային կոնգրեսի, «Ժառանգություն» կուսակցության, «Դեմ եմ» շարժման, ինչպես նաև այլ հասարակական-քաղաքական կազմակերպությունների և անհատների հաղթանակը»,- նշված է Հովիկ Աբրահամյանի հայտարարության մեջ:

Միևնույն ժամանակ կառավարության ղեկավարը նշում է, որ 2014 թվականի ապրիլի 28-ին ՀՀ Ազգային ժողովը կսկսի քննարկել օրենքի նախագիծ, որով մինչև ՀՀ Սահմանադրական դատարանի 2014 թվականի ապրիլի 2-ի որոշմամբ նախատեսված «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի վերաբերյալ օրենսդրական փաթեթի ընդունումը, ՀՀ Ազգային ժողովի կողմից կկասեցվի տույժերի հաշվարկը: Այս նախագիծը հանրությունն արդեն անվանել է «Պարտադիրի բաղադրիչի կասեցման» նախագիծ: Տվյալ խնդրին քիչ թե շատ քաջատեղյակ մարդիկ հասկանում են, որ դրանով այս պահին «պարտադիր» բաղադրիչը դե ֆակտո կասեցվում է:

«ՀՀ Սահմանադրական դատարանի որոշումը մեզ պարտադրում է փոխել կենսաթոշակային բարեփոխումների փաթեթը: Մինչև 2014 թվականի սեպտեմբերի 30-ը մենք պետք է ունենանք այլ փաթեթ, որը համահունչ կլինի Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը և ընդունելի հասարակության լայն շերտերի համար,- ասում է Հովիկ Աբրահամյանն ու հայտարարում,- Այսօրվանից մենք անցնում ենք «Կենսաթոշակային բարեփոխումներ՝ առավելագույն ճկունության պայմաններում» բանաձևին: Դա նշանակում է, որ նպատակին հասնելու ենք հնարավորինս ընդունելի ու անցավ ճանապարհով և, որ ամենակարևորն է, միասնական աշխատանքի շնորհիվ»։

Կառավարության ղեկավարը վստահություն է հայտնել, որ կենսաթոշակային բարեփոխումները մեր երկրում ունենալու են պարտադիր բաղադրիչ, սակայն մենք պարտավոր ենք բարեփոխումների այնպիսի ուղի գտնել, որը շահավետ կլինի բոլորի համար և կխթանի մարդկանց մասնակցությունն այդ գործընթացին։ Այսինքն՝ «Պարտադիր, բայց ոչ պարտադրված»:

«Եվ այն պահին, երբ ձեզ հետ միասին ինքս էլ համոզվեմ, որ արդեն գտել ենք ՀՀ Սահմանադրական դատարանի պահանջներին բավարարող այնպիսի լուծում, որն ընդունելի և ընկալելի է նաև մեր քաղաքացիների տարբեր շերտերի համար, այն ժամանակ բոլորիդ խոստանում եմ, որ հետևողականորեն իրագործելու եմ այն: Եթե նույնիսկ մնան փոքր խմբեր, որոնք կշարունակեն ընդդիմանալ, ես կրկնակի հետևողական կլինեմ՝ յուրաքանչյուրին անձամբ բացատրելով, որ իրենք սխալվում են, բայց դրա համար նախ ինքս պետք է վստահ լինեմ, որ ճիշտ ենք գործում»,- ասել է Հովիկ Աբրահամյանը։

Եզրափակելով՝ վարչապետը նշում է, որ այս պահին նոր օրենքով դե ֆակտո կասեցվում է կենսաթոշակային բարեփոխումների պարտադիր բաղադրիչը՝ մինչև նոր օրենսդրական փաթեթի ընդունումը: «Միաժամանակ վստահ եմ, որ այն կազմակերպությունները, որոնք աշխատավարձերի բարձրացման ճանապարհով իրենք են ստաձնել աշխատողների վճարումների բեռը՝ կշարունակեն կատարել վճարումները: Այդ գումարները ոչ մի տեղ չեն կորչում, դրանք աշխատողների գումարներն են, և ես պարզապես խնդրում եմ ընդամենը մի քանի ամիս սպասել` դրանց վերահաշվարկի մեխանիզմներն ամրագրելու համար: Բոլոր արդեն իսկ վճարած աշխատողները միայն կշահեն»,- ասել է Հովիկ Աբրաահամյանը։

«Վաղվանից բոլորի հետ սկսում ենք համատեղ աշխատել: Ովքեր պատճառներ ներկայացնեն խուսափելու համատեղ աշխատանքից, անձնապես կվիրավորեն ինձ, քանի որ նորանշանակ` 10–օրյա պաշտոնավարման ժամկետ ունեցող վարչապետին ամեն ինչ շատ արագ ուղղելու հնարավորություն չտալն ազնիվ չեմ համարի:

Եվ վերջում, ուզում եմ բոլորին ասել, որ ես էլ եմ դեմ.

  • Դե՛մ եմ, որ որևէ մեկը որևէ հարցով խախտի ՀՀ սահմանադրությունը,

  • Դե՛մ եմ, որ կենսաթոշակային բարեփոխումներն այս ձևով կյանքի կոչվեն,

  • Դե՛մ եմ, որ մեր քաղաքացիների մոտ որևէ հարց բաց կամ չպարզաբանված մնա,

  • Դե՛մ եմ, որ կենսաթոշակային բարեփոխումների նման կարևոր ծրագրում որևէ շահառու խմբի ձայն չլսված մնա:

Բայց, որ ավելի կարևոր է՝ վարչապետը կողմ է: «Կողմ եմ կենսաթոշակային բարեփոխումների ամենաարդյունավետ ու ընդունելի ճանապարհ գտնելուն ու կողմ եմ՝ այն համատեղ իրականացնելուն»,- նշում է Հովիկ Աբրահամյանը:
Այսօր հաստատված նախագիծը, ի դեպ, անհետաձգելի է համարվել: Մինչ կառավարության նիստի մեկնարկն այսօր վաղ առավոտյան ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը էկոնոմիկայի նախարարության աշխատակիցներին ներկայացրեց նորանշանակ նախարար Կարեն Ճշմարիտյանին: Կառավարության ղեկավարը համատեղ աշխատանքի համար շնորհակալություն հայտնեց արդեն նախկին նախարար Վահրամ Ավանեսյանին։

Ներկայացնելով նորանշանակ նախարար Կարեն Ճշմարիտյանին` Հովիկ Աբրահամյանը նրա նշանակումը տեղին համարեց, հիշեցրեց, որ Կարեն Ճշմարիտյանը երկար տարիներ աշխատել է կառավարությունում։ «Այսօր էլ ԱԺ- ում է, և իր գիտելիքն ու փորձը անպայման օգնելու են, որպեսզի լուծվեն մեր երկրի առջև ծառացած խնդիրները: Յուրաքանչյուր նորանշանակ նախարարի առջև դրված խնդիրները շատ հստակ են, պետք է շարունակենք այն բոլոր բարեփոխումները, որ իրականցվում են, և մենք ակնկալում ենք ավելի մեծ եռանդ, ջանք, որպեսզի կարողանանք այս խնդիրները, որ ծառացած են մեր երկրի ու տնտեսության առջև, միասնական ուժերով հաղթահարել»։

Նորանշանակ նախարարը, ի դեպ, որ երկար տարիներ ղեկավարում էր նույն այս գերատտեսչությունը, լրագրողների հետ առայժմ չի շտապում շփվել։

Back to top button